
Թուրքիայում հաշվարկվել են բնակչության աղքատության և սովի չափանիշները

Թուրքական «Türk-İş» կազմակերպությունը հաշվարկել է ամսական եկամտի այն առավելագույն շեմը, որից ցածր եկամուտ ստացող ընտանիքը կարող է համարվել «սովի մատնված» կամ «աղքատ»։
Այսպես, 2018թ․ հոկտեմբերի դրությամբ Թուրքիայում բնակվող չորս հոգուց բաղկացած ընտանիքի «աղքատության շեմը» համարվում է 6․252 թուրքական լիրա (1․110 ԱՄՆ դոլար) ամսական եկամուտը։ Իսկ 1․919 լիրա կամ 340 դոլարից պակաս եկամուտ ստանալու դեպքում նման ընտանիքը սովի կմատնվի։
Այլ կերպ ասած՝ 4 հոգանոց ընտանիքին մեկ ամսվա ընթացքում բավարար առողջ սննդով ապահովելու համար անհրաժեշտ է 1․919 լիրա։ Իսկ այդ ընտանիքի սննդի, հագուստի, բնակարանի, կրթության, առողջապահության, տրանսպորտի և մյուս ընթացիկ կարիքները հոգալու համար ամսական անհրաժեշտ է 6․252 լիրա։
Արձանագրվել է նաև, որ 4 հոգանոց ընտանիքի սննդի նվազագույն ամսական ծախսը նախորդ ամսվա համեմատ աճել է 1․38 տոկոսով։ Ընդ որում, այս տարվա 10 ամիսների ընթացքում երկրում գնաճը կազմել է 19․35 տոկոս, իսկ վերջին մեկ տարում այդ ցուցանիշը կազմել է 24․28 տոկոս։