Բաժիններ՝

«Առգրավվել են այնպիսի նյութեր, որոնք ընդհանրապես կապ չունեն քննվող քրեական գործով». yerevan.today-ի փաստաբան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ yerevan.today-ի խուզարկության գործով։ Փաստաբան Արմեն Ֆեռոյանը նախքան նիստը հանդիպեց լրագրողներին։ Նրա պնդմամբ՝ լրատվամիջոցում խուզարկությունը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտմամբ։

«Ակնկալում ենք, որ Վերաքննիչ դատարանն իր դատապարտող մոտեցումը կարտահայտի այս խնդրի վերաբերյալ, որովհետև կատարվել է օրենքի խախտում, առգրավվել են այնպիսի նյութեր ու տեղեկատվություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն քննվող քրեական գործով»,- ասաց փաստաբանը:

«Խուզարկությունը խորը արմատներ է ունեցել։ Հանրապետությունում արատավոր պրակտիկա է ձևավորված եղել։ Ինչ-որ օպերատիվ աշխատակից կարող էր գրություն գրել քննիչին՝ ասենք, մեկի բնակարանում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության մասին, դատարանն էլ քննիչին թույլ էր տալիս խուզարկություն կատարել։ Անհասկանալիորեն կայքում խուզարկություն կատարվել է բացառապես ոստիկանությունից տրված տեղեկատվության հիման վրա։

Իբր yerevan.today-ը ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսումը համացանցում հրապարակել է երկու օր շուտ։ Այս հիմքով դատարանը թույլատրել է խուզարկություն կատարել, որի արդյունքում մեզ համար անհասկանալիորեն առգրավվել են ամբողջ տարիների ունեցած, լրագրողական գաղտնիք համարվող տեղեկատվությունը, ինչպես նաև համակարգչային տեխնիկան և կրիչները, որի արդյունքում ընկերությունը զրկվել է բնականոն գործունեությունը պատշաճ իրականացնելուց: yerevan.today-ում այն համոզմանն են, որ դա ճնշում էր լրատվական գործունեություն իրականցնող ընկերության նկատմամբ»,- նշեց Արմեն Ֆեռոյանը:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ առգրավված տեխնիկան դեռ չեն վերադարձրել:
«Նույնիսկ գրությամբ ենք պահանջել տեխնիկան՝ հայտնելով, որ ընկերությանն այն խիստ անհրաժեշտ է բնականոն գործունեություն իրականացնելու համար»,- հայտնեց Արմեն Ֆեռոյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս