Բաժիններ՝

«Մենք պնդում ենք, որ չկա համակարգային կաշառակերություն». Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ աշխատակիցների ձերբակալությունների մասին

Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ծառայությունները քայլեր են իրականացնում, որպեսզի ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության աշխատանքները բնականոն շարունակվեն։ Այս մասին այսօր կառավարությա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով կաշառքի գործով վարչության աշխատակիցների ձերբակալություններին:

«Մենք սա համարում ենք մեր համակարգի համար ոչ լավ երևույթ, բայց նաև բազմաթիվ անգամ ասել ենք, որ մենք ինքներս պայքարում ենք կաշառակերության դեմ: Այո, մենք պնդում ենք, որ չկա համակարգային կաշառակերություն, բայց առանձին դեպքերի առումով մենք պայքար ենք մղում և շնորհակալ ենք նաև մեր գործընկերներին, որ մեզ օգնում են այդ գործում»,- ասաց Անանյանը:

Ըստ նրա՝ մարդիկ կան, որ ընդհանրապես չեն գիտակցում, թե նոր իրողությունն ինչ է, բայց նաև կան այնպիսիները, որոնք նոր իրողություններով են շարժվում. «Կարծում եմ, որ նրանք մեր աշխատակիցների մեծամասնությունն են կազմում»։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) վարույթ է ընդունել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների վերաբերյալ ոստիկանությունում հարուցված քրեական գործը։

Ոստիկանությունը հաղորդել էր, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և տեսուչ Վաղարշակ Լալայանը կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կաշառք ստանալու հատկանիշներով։

ՊԵԿ պաշտոնյաները ձերբակալված են։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս