Էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու նպատակով պետք է քայլեր ձեռնարկենք. Արայիկ Հարությունյան

Հաշվի առնելով էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտի ոլորտում աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումները և մեր հանրապետությունում առկա էներգետիկ հնարավորությունները՝ ժամանակն է, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք նաև մենք՝ ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ և մեխանիզմներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ նշելով Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի օրինակը, ով վերջերս էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու նպատակով հայտարարել է կոնկրետ քայլերի մասին՝ խոստանալով այն ազատել հարկերից և մաքսազերծումից:

«Եվրոպական շատ երկրներում ևս պատրաստվում են առաջիկա տասնամյակում հրաժարվել ավանդական շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցներից, որոնց համեմատ էլեկտրամոբիլների շահագործումը էկոլոգիապես ավելի մաքուր է և քիչ ծախսատար: Արցախում նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստվում եմ նախևառաջ հանդես գալ սեփական օրինակով և ներկրել Արցախի առաջին էլեկտրամոբիլը, ինչպես նաև, որպես կուսակցության առաջնորդ, հարցը քննարկման առարկա դարձնել՝ ընդգրկելով այն մեր ծրագրային օրակարգում»,- գրել է Ա. Հարությունյանը:

Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավարն, ում վարչապետության տարիներին նախաձեռնվեց փոքր ՀԷԿ-երի կառուցումը, անդրադարձել է նաև ոլորտի ընթացիկ ծրագրերին՝ նշելով, որ օրեր առաջ Թրղե և Լև գետերի վրա, «Արցախհէկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ, շահագործման են հանձնվել ևս երկու փոքր ՀԷԿ-եր, որոնք ավելի կամրապնդեն մեր հանրապետության էներգետիկ ինքնաբավությունը:

«Կարծում եմ, որ ընթացիկ և նախատեսվող էներգետիկ նոր նախագծերի շնորհիվ գալիք տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունը կգերազանցի մեր նախնական ակնկալիքները՝ բարձրացնելով Արցախի ռազմավարական անկախությունն արտաքին հաղորդակցություններից: Վստահ եմ՝ կարիք չկա ներկայացնելու, թե ինչ ահռելի նշանակություն ունի էլեկտրաէներգիան մեր կենցաղում և սոցիալ-տնտեսական գործունեության մեջ, սակայն կան նաև ոչ ավանդական ուղղություններ, որտեղ էլեկտրաէներգիան կարող է մեծ կարևորություն ունենալ»,- նշել է Ա. Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս