
ԱՊՀ-ի հատուկ ծառայությունների ղեկավարները որոշեցին ուժեղացնել պայքարը միջազգային ահաբեկչության դեմ

ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են ուժեղացնել համատեղ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով ԱՊՀ-ի մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի Ալմաթիում կայացած նիստի արդյունքները:
«Քննարկվել են ժամանակակից սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ Համագործակցության երկրների անվտանգության մարմինների տեղեկատվական ու գործնական փոխգործակցության արդյունավետության բարձրացման հրատապ հարցերը: Նշվել է համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը միջազգային ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ կիբեռանվտանգության ոլորտում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ճշտել Է մամուլի ծառայությունը, նիստի ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի անվտանգության ծառայությունների ղեկավարները նաեւ փորձի փոխանակում են անցկացրել միջազգային խոշոր միջոցառումների անվտանգության ապահովման գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: