
Կրասնոդարի երկրամասում հորդ անձրևներից երկու մարդ է զոհվել

Կրասնոդարի երկրամասում հորդառատ անձրեւների պատճառով երկու մարդ է զոհվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ եւս երեք մարդ տուժել է, մեկի ճակատագիրը մնում է անհայտ: Տուապսեի, Ապշերոնսկի եւ Լազարեւսկի շրջաններում ջրովէ լցվել 1,7 հազար տուն, որտեղ ապրում է շուրջ վեց հազար մարդ: Իշխանությունները տարահանել են ավելի քան 380 բնակչի: Բացի դրանից, վատ եղանակն ազդել է գնացքների երթեւեկության վրա. ուշացել են 18 մարդատար շարժակազմեր:
Տարերքի մոլեգնման հետեւանքների վերացման աշխատանքենրում ներգրավված են ավելի քան 700 մարդ եւ 150 միավոր տեխնիկա: Տարերքի հետեւանքով Ա-147 ֆեդերալ մայրուղում Ջուբգա – Սոչի ավտոմոբիլային հաղորդակցությունը դադարեցված է Մակոպսե գետի կամրջի 20-մետրանոց հատվածի վնասվելու պատճառով:
Օդերեւութաբանների եւ արտակարգ իրավիճակների նախարարության կանխատեսումներով՝ Կրասնոդարի երկրամասում եւ Ադիգեայում սաստիկ անձրեւներ կտեղան նաեւ հոկտեմբերի 25-ին: Նախօրյակին Տուապսեի շրջանում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել տեղատարափ անձրեւների պատճառով: Հեղեղման գոտում ապրում է ավելի քան 70 հազար մարդ: