Բաժիններ՝

Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 371.400.000 դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

«Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի գործունեության ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից` որպես պետությանը պատճառված վնասի հատուցում 16.10.2018թ-ին, այնուհետև 23.10.2018թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտի հաշվին է փոխանցվել 50.000.000 ՀՀ դրամ։

Հիշյալ քրեական գործի շրջանակներում Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում որպես պետությանը պատճառված վնաս «Դավիթ և Էլինա» ՍՊ ընկերության կողմից ընդհանուր առմամբ վերականգնվել է 100.000.000 ՀՀ դրամ։

ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ ավտոտեխսպասարկման ոլորտում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցումը օրերս վերականգնվել է 10.000. 000 ՀՀ դրամ:

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվում է 28 քրեական գործ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին ընդհանուր առմամբ փոխանցվել է 371.400.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում։

Նշված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս