«ԱՄՆ-ից գնված ուղղաթիռները ռազմականացվել են և անցել Պաշտպանության նախարարության տրամադրության տակ». Սուրեն Սարգսյան

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ամերիկյան կողմից Ադրբեջանին վաճառված ռազմական ուղղաթիռներին, որոնց մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, ասել էր, թե Արտգործնախարարությանը վստահեցրել են, որ դրանք ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական ուղղաթիռներ են, որոնք չեն կարող օգտագործել ռազմական նպատակներով։

168.am-ի հետ զրույցում Սուրեն Սարգսյանն ասաց, որ Արտգործնախարարությունն ասել է այն, ինչ իրենց փոխանցել են դիվանագիտական խողովակներով։

«Երբ նայում ենք այդ ուղղաթիռներին, որոնց մասին խոսում ենք, անցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության բալանս և արդեն ռազմականացվել են։ Դրանք փոքր և մանևրելու լայն հնարավորություն ունեցող ռազմական և մասնավորապես դիվերսիոն բնույթի գործողությունների համար նախատեսված ռազմական ուղղաթիռներ են։ Բնականաբար, երբ դրանք վաճառվում են Միացյալ Նահանգների կողմից, գուցե վաճառվում են՝ որպես քաղաքացիական ուղղաթիռներ, բայց դրանք հնարավորություն ունեն դարձնելու ռազմական»,- նշեց Սուրեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ նույնիսկ ադրբեջանցիներն են պնդում, որ այդ ուղղաթիռները ռազմականացվել են և անցել բանակի տրամադրության տակ՝ որպես ռազմական նպատակներով օգտագործվող ուղղաթիռներ։

Մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում շատ վերլուծաբաններ տեսնելով Ադրբեջանի նման զինումը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի սցենարի կրկնություն են կանխատեսում, արդյո՞ք նման վտանգ կա, Սուրեն Սարգսյանը նկատեց, որ այդ վտանգը միշտ էլ կա։

«Պետք է սպասել, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է դիմել սադրիչ գործողությունների, ինչը կնշանակի՝ որոշակի լարվածություն սահմանում։ Ադրբեջանը մշտապես օգտվում է բոլոր տեսակի հնարավորություններից և փորձում իրականում ապակայունացնել իրավիճակը։ Կարծում եմ՝ մենք միշտ պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման, հատկապես, որ մեր հարևանը երբևէ չի էլ հերքում, որ նախապատրաստվում է իրականացնել ռազմական գործողություններ»,- նշեց Ս. Սարգսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս