
Մեծ Բրիտանիան չեղարկեց սաուդցի լրագրողի սպանության մեջ կասկածվողների այցագրերը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեղարկում են Սաուդյան Արաբիայի այն հպատակներին տրված այցագրերը, որոնք կասկածվում են ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մեջ: Այդ մասին գրել է The Independent-ը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավադը «միջոցներ է ձեռնարկում բոլոր կասկածյալների նկատմամբ»:
Նա նշել է, որ այդ միջոցառումները վերաբերելու են Մեծ Բրիտանիա այդ անձանց մուտքի արգելքին եւ ավելի վաղ նրանց տրված այցագրերի չեղարկմանը: Միացյալ Թագավորության վարչապետն ընդգծել է, որ «այցագրերը կլուծարվեն հենց այսօր»: Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Մեյը վերստին դատապարտել է լրագրողի սպանությունը եւ հավելել, որ «մենք Սաուդյան Արաբիային պարզորոշ հասկանալ ենք տվել, որ նա պետք է համագործակցի Թուրքիայի հետ եւ համակողմանի հետաքննություն անցկացնի»:
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի էր էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննդատական հոդվածներով, կորել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական առաքելության շենքում սպանվել է կոնֆլիկտի հետեւանքով, սակայն միջադեպի մանրամասները չեն ներկայացրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: