Տիգրան Ավինյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարարին
Հոկտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պո Կուն Կոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:
Հանդիպմանը ներկա էին նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Ողջունելով հյուրին, փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բարձր մակարդակում տեղի ունեցող հանդիպումները հիանալի առիթ են հանդիսանում խթանելու հայ-սինգապուրյան փոխգործակցությունը: Նա նաև հավելեց, որ Հայաստանը կարող է դասեր քաղել Սինգապուրի փորձառությունից՝ հատկապես արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև թվայնացման օրակարգի վերաբերյալ հարցերում:
Ավագ պետնախարար Կոն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ուրախ է վերադառնալ Հայաստան և ականատեսը լինել երկրի շարունակական զարգացմանը՝ հատկապես երիտասարդ սերնդի աճող ներուժի և ստարտափային մշակույթի լայն տարածման առումով: Նա նշեց, որ ուրախ կլինեն համագործակցել Հայաստանի հետ և կիսվել իրենց փորձով, ինչպես նաև սովորել հայկական փորձից:
Զրուցակցի խնդրանքով, Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին և նոր կառավարության բարեփոխումների օրակարգին: Փոխվարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության ու դատական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի, օլիգարխիկ համակարգի վերացման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող համապարփակ աշխատանքները լավ պայմաններ են ստեղծում երկրի առաջընթացի և Հայաստանի գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Տիգրան Ավինյանը ներկայացրեց նաև Եվրասիական միության անդամակցության, Եվրամիության հետ GSP+ ռեժիմի և Իրանի հետ սահմանին ազատ առևտրի գոտու շնորհիվ Հայաստանի տնտեսական առավելությունները՝ նշելով, որ մեր երկիրը կարող է պատուհան դառնալ Սինգապուրի համար դեպի այդ շուկաներ:
Առևտրատնտեսական կապերը խթանելու համար կարևորվեց համապատասխան իրավապայմանագրային բազայի ընդլայնումը:
Զրուցակիցները համակարծիք էին, որ կողմերի հարաբերություններում կա զգալի չօգտագործված ներուժ և պետք է ջանքեր ներդնել տարբեր բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ: Այս առումով ավագ պետնախարար Կոն ընդգծեց, որ Սինգապուրի և Հայաստանի կառավարությունների տեսլականները և տարբեր հարցերին լուծումներ տալու մոտեցումները իրար շատ նման են:
Հայ-սինգապուրյան փոխգործակցության համար որպես հեռանկարային ոլորտներ առանձնացվեցին բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաները, ավիացիոն հաղորդակցությունը, զբոսաշրջությունը, գիտակրթական համագործակցությունը: Նշվեց, որ հայկական կողմի համար հետաքրքիր է բլոքչեյնի և կրիպտոարժույթների ոլորտում սինգապուրյան կարգավորումների փորձը:
Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներ տանել հայկական և սինգապուրյան նորարարական ընկերությունների միջև համագործակցության հարթակի ձևավորման, ինչպես նաև ավիացիոն կրթության և հանրային կառավարման ոլորտում փորձի փոխանակման մասին:
Կողմերը անդրադարձան նաև Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու գործընթացին: