
Արսեն Ջուլֆալակյանը միջազգային ֆեդերացիայի համար կմեկնաբանի աշխարհի առաջնության եզրափակիչները

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համար կմեկնաբանի աշխարհի առաջնության գոտեմարտերը:
«Ցավալի է, որ որպես մարզիկ բաց եմ թողնում աշխարհի այս առաջնությունը, սակայն առաջնությանը կմասնակցեմ որպես մասնագետ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից ստացել եմ մեկնաբանելու հնարավորություն բոլոր եզրափակիչ գոտեմարտերը: Ամեն դեպքում, երազանքի փոփոխություն չկա` Տոկիո-2020»,-այս մասին ֆեյսբուքի էջում գրել է Ջուլֆալակյանը:
Հունգարիայում այժմ ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները մեդալների համար պայքարը կսկսեն հոկտեմբերի 25-ից: