«Հրաժարական տալուց հետո Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է». Հայրիկյան
«ՀՀ վարչապետի հրաժարականը հավասարազոր է վարչապետի տեղը թափուր մնալուն, որը Կառավարության մասին օրենքով նշանակում է՝ վարչապետի մահ: Ինչպե՞ս կարող է մահացած մարդը լինել վարչապետի պաշտոնակատար: Գտե՛ք Սահմանադրության մեջ այդ բառը: Վարչապետի պաշտոնակատար՝ նման բան չկա: Փաստորեն, հրաժարական տալուց հետո արդեն Նիկոլ Փաշինյանն իշխանությունն է նվաճել, զավթել, որը ծանր հանցագործություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Ես առաջարկել եմ դիմել ՍԴ ու ճշտել՝ արդյո՞ք հրաժարական տված մարդն իրավունք ունի աշխատել՝ որպես պաշտոնատար: Գոնե Սահմանադրական դատարան դիմելով՝ նա հետագայում կփրկվի: Չէ՞ որ ՀՀ-ում պետք է լինեն արդար իշխանություններ, մեկը պե՞տք է ասի՝ Նիկոլ Փաշինյան, հրաժարական էիր տվել, լավ, ենթադրենք՝ քեզ համար մանկապարտեզ է, տուն-տունիկ ես խաղում, բայց սա մեր պետությունն է: Սահմանադրության ո՞ր հոդվածով և Կառավարության մասին օրենքի ո՞ր հոդվածով ես դու շարունակում որպես վարչապետ աշխատել»,- ընդգծեց նա:
Հայրիկյանի խոսքով՝ գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ կատարել արմատական փոփոխություններ:
«Մենք Սահմանադրության փոփոխության նախագիծ ենք տալիս, իսկ նա դա դնում է մի կողմ ու զբաղվում է մանկապարտեզային Ընտրական օրենսգրքով, Սերժ Սարգսյանի գրած օրենսգրքի իբր թե բարեփոխումներով: Բոլշևիկյան ոգով գրված հակաժողովրդավարական Սահմանադրությունը պարտավորեցնում է ունենալ խորհրդարանական մեծամասնություն: Խորհրդարանը չի կարող կոչվել ներկայացուցչական մարմին, ու պահանջ ներկայացնեն, որ ունենա բացարձակ մեծամասնություն: Չի՛ կարելի կոչել համամասնական ու նույն պայմանը թելադրել: Իսկ ռեյտինգայինից հրաժարվելը նվազեցնում է քաղաքացիների դերակատարությունը:
Այս Սահմանադրության պայմաններում ընդունված Ընտրական օրենսգրքով մենք չենք կարող որևէ առողջ բան ունենալ: Լինելու է բոլշևիկյան ժամանակները հիշեցնող երևույթ: Կառավարությունը ԸՕ փոփոխություններ կատարելու ուղղությամբ երեք ամիս է, ինչ աշխատում է, բայց ԱԺ-ին տվեցին մեկ օր: Առողջ չի, չէ՞: Բերում, ասում են քվեարկեք: Չեմ սիրում ՀՀԿ-ականներին, նրանք մեր ժողովրդի համար չարիք են եղել, բայց նրանք ու ՀՅԴ-ն ասում են՝ մի հատ տեսնենք, թե ի՞նչ փոփոխություն է կատարվում: Դրանից խուճապի մատնվել պետք չէ»,- նշեց ԱԻՄ առաջնորդը:
Անի Կարապետյան