
Թրամփը և Պուտինը Փարիզում կքննարկեն լիաֆորմատ գագաթնաժողովի հնարավորությունը. Բոլթոն

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը չի բացառել հաջորդ տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վաշինգտոն այցելելու հնարավորությունը լիաֆորմատ գագաթնաժողով անցկացնելու համար, ինչին կհետեւի Դոնալդ Թրամփի այցը Մոսկվա:
«Մենք ակնկալում ենք, որ Փարիզում կքննարկվի լիաֆորմատ հանդիպումը, եւ նախ հաջորդ տարի լիարժեք գագաթնաժողովի հնարավորություն կլինի Վաշինգտոնում, ինչից հետո նույն տարի ավելի ուշ կլինի Թրամփի պատասխան այցը Մոսկվա»,- ասել է Բոլթոնը «Ինտերֆաքս»-ին:
Պատասխանելով այն հարցին, թե ուժի մեջ մնում է արդյոք Վաշինգտոն այցելելու Պուտինին արված հրավերըհ, նա ասել է. «Այո, այն ուժի մեջ է»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ նոյեմբերին Փարիզում հավանաբար հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Կարծում եմ, որ, հավանաբար, մենք կհանդիպենք»,- ասել է նա լրագրողներին՝ խոսելով Փարիզ իր պլանավորվող ուղեւորության մասին, որտեղ նոյեմբերի 11-ին նշելու են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման հարյուրամյակը:
«Հանդիպումը դեռեւս կազմակերպված չէ: Հավանաբար, դա կարվի»,- հավելել է Թրամփը: Նախագահների հանդիպման մասին հոկտեմբերի 23-ին պատմել էր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը դրա հնարավորությունը քննարկել է Պուտինի հետ կայացած զրույցի ընթացքում եւ հանդիպմանը համաձայնությունը հավաստել մամուլի ասուլիսում: