Բժիշկները պնդում են, թե նորածնի պորտալարն է կարճ եղել, մինչդեռ փոքրիկի գլխին վնասվածք է հայտնաբերվել
Շենգավիթ բժշկական կենտրոնում հոկտեմբերի 20-ին մահացած նորածնի հարազատները փոքրիկի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին։ Կասկածները հաստատվել է հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած դիահերձման արդյունքներով, որի ժամանակ պարզվել է, որ նորածնի մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի բութ վնասվածքը։
Ծննդականը ծննդաբերել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 20-ին և քիչ անց բժիշկները հարազատներին ասել են, որ նորածինը մահացել է։ Ընդ որում, ինչպես հարազատները պատմեցին «Փաստինֆո»-ի թղթակցին, բժիշկները փոքրիկի մահը փորձել են պայմանավորել պորտալարի կարճ լինելով, ինչին չեն հավատացել և ծննդկանի ամուսինը նույն օրը դիմել է իրավապահներին։
Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել քննչական կոմիտեն՝ նշելով, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, ինչն առաջացրել է մահ։ Ընդ որում, քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած դիահերձումից հետո, երբ հարազատների կասկածները հիմնավորվել են, քանի որ երեխայի գլխի վրա վնասվածք է հայտնաբերվել։
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում մասնագետներից մեկը կարծիք հայտնեց, որ նշված վնասվածքը կարող էր առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում ծննդաբերության ժամանակ մանկաբարձական աքցաններ ու վակուում գործածելու հետեւանքով։
Սա, իհարկե, ընդամենը վարկած է, իսկ թե իրականում ինչն է եղել, թերեւս կպարզվի փորձաքննությամբ։