Հավերժ պատանի դերասանուհին բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը
Թայվանցի դերասանուհի Ալիսա Չիան, որը հայտնի է իր անթառամ տեսքով, նշել է 44-ամյակը եւ պատմել, թե ինչպես կարելի է պահպանել երիտասարդությունը: Նրա խորհուրդները ներկայացրել է Daily Mail հրատարակությունը։ Չիան իր ծննդյան օրը տոնել է ընտանեկան շրջապատում՝ 35-ամյա ամուսնու եւ երեք դուստրերի հետ, որոնցից ավագը 13 տարեկան է, միջնեկը երեք տարեկան, իսկ կրտսերը՝ մեկ:
«Ծննդյան օրն այն օրն է, որը բոլոր կանայք սիրում են ու ատում»,- գրել է նա Weibo սոցիալական ցանցի իր օգտահաշվում եւ հավելել, որ ավագ դուստրն իրեն շնորհավորել են «Երկրորդ 22-ամյակի կապակցությամբ»: Մեկնաբանները հիացած են նրա արտաքնով եւ նշել են, որ նա «նույնիսկ ոչ թե 22 տարեկանի, այլ 18 տարեկանի տեսք ունի»: Դերասանուհին բացատրել է, որ արտաքինը պահպանելու խնդրում իրեն օգնել է ալկոհոլից եւ գիշերը որեւէ բան ուտելուց լիովին հրաժարվելը:
Նա հավելել է, որ ջանումէ խուսափել տապակած եւ սուր կերակուրներից: Բացի այդ, Չիան միշտ վաղ է պառկում քնելու, հեռախոսը մի կողմ է դնում քնելուց երկու ժամ առաջ եւ մշտապես գոլ ջուր է խմում եւ շաբաթն առնվազն երկու անգամ զբաղվում է սպորտով: Նա որպես ամենակարեւոր կանոն է նշել լարվածությունը թոթափելու ունակությունը.
«Անձի նկատմամբ սեր դրսեւորելու շատ միջոցներ կան: Համոզվեք, որ դուք ժամանակ ունեք դեմքի եւ ոտնաթաթի մերսման համար, ինչպես նաեւ ձեզ թույլ տվեք հանգստանալ»: Հավելենք, որ Չիան ժողովրդականություն է վայելում Չինաստանում եւ Հարավարեւելյան Ասիայում: 16 տարեկանից նա նկարահանվում է գովազդային հոլովակներում, թայվանյան սերիալներում ու չինական ֆիլմերում: Նա նաեւ հեռուստահաղորդումներ է վարում եւ երգում է: