«ԱՄՆ-ը ցանկանում է հասկանալ Թավշյա հեղափոխության իրական մտադրությունները». Կայծ Մինասյան

Հարցազրույց Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանի հետ

– ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն օրերս իր դիվանագիտական առաքելությունն ամփոփող հարցազրույցում խոսել էր նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ նշելով, որ հայ ժողովուրդը պետք է որոշի, և առանց «գրավյալ տարածքների» որոշակի մասի վերադարձի կարգավորում հնարավոր չէ։ Այս հայտարարությունը բավականին բուռն ընդունվեց Հայաստանում և Արցախում։  Ըստ ձեզ՝ ինչո՞ւ դեսպանը խոսեց տարածքների վերադարձի մասին հենց ներկայումս։ Ի՞նչ նպատակ ուներ՝ այս թեման բարձրացնել հենց հիմա։

– Դեսպանի խոսքերը երկու զարգացումների արդյունք են: Առաջինը վերաբերում է թավշյա հեղափոխությանը: Դեսպան Միլսը փորձեց հասկանալ նոր իշխանության տրամադրվածությունը: Յուրօրինակ սադրանք՝ իմանալու համար, թե ինչպես է թավշյա հեղափոխությունն արձագանքելու: Երկրորդ զարգացումը կապված է հին ռեժիմի հերթական հռչակագրերին տարածքների վերադարձի մասին: Խոսքերին արժեք չհաղորդելը, ինչպես Սերժ Սարգսյանն արել էր, Հայաստան բերել  է այն, ինչ ցանեց` ճնշումներ:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա «հեռացող դեսպանի հեռացող մեսիջ» է։ Դա այդպե՞ս է, թե՞ սա ամերիկյան դիրքորոշումն է կարգավորման գործընթացի վերաբերյալ։

– Մենք գիտենք, որ «տարածքների դիմաց՝ կարգավիճակ» ձևակերպումը  Մադրիդյան սկզբունքների շարքում է: Ռուսաստանը, ԱՄՆ-ը ու Ֆրանսիան  այս գծի մեջ են: Բայց սա սկզբունք է, որն Արցախը մերժում է: Նոր Հայաստանը դեռ չի հայտարարել այս թեմայով:

– Ըստ ՀՀ վարչապետի՝ օպերատիվ կապ է ստեղծվել հակամարտող կողմերի միջև։ Որքանո՞վ, ըստ Ձեզ՝ այն արդյունավետ կլինի։ Կարելի՞ է պնդել, որ այս կապի հաստատմամբ պատերազմի վերսկսման հնարավորությունը նվազել է, և ընդհանուր առմամբ ի՞նչ կարելի է ակնկալել բանակցային գործընթացից առաջիկայում։

– Առաջ ընթանալու նշաններն ավելի շատ են: Սա ցույց է տալիս, որ Բաքուն և Երևանը մեծ ակնկալիքներ ունեն և պատասխանատվություն են կրում: Դա նաև Մինսկի խմբին ուղարկված նշան է՝ նախքան հաջորդ շրջագայությունը:

– ԱՄՆ պաշտոնյաներն ակտիվ այցեր են կատարում տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան։ Առաջիկայում նախատեսված է նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան։ Ո՞րն է այս այցի նպատակը, օրակարգը։

– Մայիսից Հայաստանը նշում է, որ ցանկալի է, որքան հնարավոր է՝ շուտ անցկացնել Թրամփ-Փաչինյան հանդիպումը: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները չգիտի՝ արդյո՞ք թավշյա հեղափոխությունը շարժվելու է դեպի Արևմուտք: Նրանք չունեն բավարար տարրեր: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը կհարգի դիվանագիտական պարտավորությունները և ամրապնդի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միացյալ Նահանգները ցանկանում է հասկանալ թավշյա հեղափոխության իրական մտադրությունները: Նրանք կկազմակերպեն հանդիպում Թրամփի հետ այն եզրակացությունների հիման վրա, որոնք Բոլթոնը  կներկայացնի այդ այցելություններից:

– Որքանո՞վ այն կարող է առնչվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ։

– Այս պահին դեռ վաղ է: Մինչև դեկտեմբերյան ընտրությունները չի լինի առաջընթաց, եթե դրանք տեղի ունենան տարվա վերջում: Մենք ավելի շատ տեղեկություններ կունենանք Նիկոլ Փաշինյանի և ընտրական գործընթացում ներգրավված այլ քաղաքական ուժերի մտադրության մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031