
«Գուցե մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին մեր սխալները». Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության իշխանության տապալման պատճառներից մեկն այն էր, որ երբեմն իրենք իրենց կեղծում էին, ասում բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէին: ԱԺ-ում լրագրողերի հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Ավելի վաղ Աշոտյանը նշել էր, որ Ընտրական օրենսգիրքը 24-ժամյա ռեժիմում ընդունելը սխալ է համարում. ի պատասխան լրագրողները դիտարկում արեցին՝ հիշեցնելով, որ նախորդ իշխանության ժամանակ նախագծեր էին բերվում ԱԺ և հապճեպ ընդունվում:
«Իմ որոշ գործընկերներ բաներ են ասում, ովքեր, վստահ եմ, այդպես չեն մտածում: Գուցե մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին մեր սխալները: Մի կեղծեք ձեզ: Իշխանության տապալման մեր սխալներից մեկն էլ դա էր, որ մենք մեզ երբեմն կեղծում էինք, ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք»,-ասաց Աշոտյանը:
Նա իշխանության ներկայացուցիչներին հորդորեց չկրկնել այն սխալները, որոնց պատճառով Հանրապետական կուսակցությունը քաղաքական ճգնաժամի մեջ է: