«Երեխաների համար վատ է, իսկ ձեզ համար գլխավորն այն է, որ նրանք քննությունները հանձնեն». Միխայիլ Լաբկովսկի

Կան երեխաներ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում մանկապարտեզ գնալ, և պետք չէ սրա հետ ինչ-որ բան անել: Այդպիսի երեխաները շատ չեն, բայց նրանք կան:  Դուք, իհարկե, կարող եք այդ երեխաներին համոզել գնալ այնտեղ, բայց դա նրանց համար հոգեբանական տրավմա կլինի: Այսինքն` նրանք կգնան մանկապարտեզ այնքան տարի, որքան դուք նրանց ստիպեք, իսկ հետո կդառնան լուրջ նևրոտիկներ, եթե ոչ՝ ավելի վատ: Եթե դուք էլ ունեք այդպիսի երեխա, դուք ինչ-որ բան պետք է մտածեք` կամ հեռանաք աշխատանքից, կամ դայակ վարձեք, բայց պետք չէ երեխային ստիպել մանկապարտեզ գնալ:

Սա, ի դեպ, բավականին արագ է նկատվում: Եթե երեխան ամեն անգամ, երբ դուք նրան մանկապարտեզ եք տանում, լաց է լինում ու համառում է, ապա դա այն պատճառով չէ, որ նա դեռ չի հարմարվել, այլ՝ որովհետև այդ ամենը նրա համար չէ: Այդպիսի երեխաներն ընդամենը 2-3 տոկոս են կազմում, բայց նրանք գոյություն ունեն: Եթե դա ձեր ընտանիքում է տեղի ունեցել, ապա պետք չէ գնալ հոգեբանի մոտ ու նրան հարցնել` ի՞նչ անել, որ երեխան մանկապարտեզ գնա: Ճիշտ պատասխանն է այս դեպքում` ոչինչ չանել:

Անգամ, եթե դուք չգիտեք` ունե՞ք խնդիրներ, թե՞ ոչ, բայց չեք ուզում ռիսկի դիմել, շուրջ 10 օր մանկապարտեզի վարչակազմի համաձայնությամբ երեխայի հետ եկեք մանկապարտեզ ու նրա կողքին գտնվեք 1-2 ժամ: Երեխան կվազի, կխաղա ինչ-որ մեկի հետ, կտեսնի, որ մայրիկն իր կողքին է, ու հանգիստ կլինի:

Նրան ավելի շուտ վերցրեք մանկապարտեզից, քան նա կհասցնի ձանձրանալ: Երկրորդ օրը նույն կերպ վարվեք, իսկ երրորդ օրը թողեք մինչև ճաշի ժամը: Եթե ձեր բախտը բերի, ճաշից հետո նա կգնա քնելու, իսկ եթե ոչ` տարեք նրան տուն: Եթե ամեն ինչ լավ է, ապա հաջորդ օրը դուք մանկապարտեզի ցանկապատի մոտ կանցկացնեք, բայց հեռու մի գնացեք: Իմաստն այն է, որ երեխան ձեզ տեսնի:

Կարդացեք նաև

Դե, իսկ մոտավորապես շաբաթվա վերջին արդեն երեխան հանգիստ կգնա մանկապարտեզ:

Ի՞նչ մանկապարտեզ դիմել: Դե՛, երևի թե մասնավոր մանկապարտեզներն ավելի լավ են, քան պետականները, բայց դա հաստատուն թեզ չէ: Պարզապես պետք է բախտդ բերի դաստիարակների, դայակների ու ընդհանրապես մանկապարտեզի հարցում: Եվ պատրաստ եղեք նրան, որ երեխան կարող է հիվանդանալ, ոջիլ ընկնել ու հայհոյել: Ինչ-որ տեղ նա, միևնույն է, սկսելու է, և սովորաբար դա լինում է մանկապարտեզում:

Ադեկվատ ուսուցիչների ու տարրական դպրոցի մասին:

Ի՞նչ պիտի դուք իմանաք տարրական դպրոցի մասին:

Առաջինն այն, որ դպրոցը պետք է տանը մոտ լինի, որ երեխան ժամանակ չծախսի ավտոբուսով կամ նույնիսկ վարորդի կամ ծնողների հետ մեքենայով դպրոց գնալ-գալու ճանապարհին: Բացի դրանից, այն երեխաները, ովքեր իրենց թաղամասում են դպրոց հաճախում, ավելի հեշտ են շփվում համադասարանցիների հետ և հարաբերություններ պահպանում կոլեկտիվում:

Երկրորդ և, թերևս, ամենակարևոր բանն այն է, որ տարրական դասարանների ուսուցչուհին լինի հոգեպես հավասարակշռված անձնավորություն ու իրեն ադեկվատ պահի: Առաջիկա 3-4 տարիներին դա ամենն է, ինչ նրանից պահանջվում է: Ձեր երեխային պետք է, որ նրան սիրեն ու լավ վերաբերվեն, որ վրան չգոռան ու քանոնով չխփեն, որ նա չլսի «Ես այսպիսի դեբիլներ 40 տարվա դպրոցի աշխատանքային փորձիս ընթացքում չեմ տեսել» տիպի արտահայտություններ: Մի խոսքով, ուսուցչուհին պետք է ձեզ դուր գա:

Երեխայի` 3-13 տարեկան հասակը նրա և ձեր կյանքի ամենաբարենպաստ ժամանակն է: 13 տարեկանում սկսվում է սեռական հասունացման շրջանը, և այդ տարիքում ճգնաժամը համարվում է ամենածանրը մարդու ողջ կյանքի ընթացքում:

Զգույշ եղեք, այլապես ձեր երեխայի հետ հարաբերությունները կարող եք փչացնել ողջ կյանքի համար: Մի ստիպեք, որ ձեր երեխան տառապանքով պատրաստվի միասնական քննություններ հանձնելուն: Իրականում հետո մեծերից ոչ ոք այդ չարաբաստիկ դպրոցական քննությունների մասին չի էլ հիշում, և կյանքում դա ոչ մի դեր էլ չի խաղում:

Ժամանակագրորեն պուբերտատը համընկնում է դպրոցական քննությունների շրջանի հետ: Երեխայի համար վատ է, իրեն միայնակ է զգում, գտնվում է անցումային տարիքի ճգնաժամի մեջ: Նրան պետք է, որ այդ ժամանակ իրեն սիրեն ու աջակցեն, իսկ դասերի թեման ընդհանրապես չքննարկվի:

Ընդհանրապես ես այն խիստ մոտեցման կողմնակիցն եմ, երբ երեխային առաջին դասարանում ծնողներն ասում են. «Տես, դպրոցը մեզ չի անհանգստացնում, մենք էլ` քեզ: Մեզ դպրոց չեն կանչում, չեն բողոքում, ու մեզ համար մեկ է`դասերդ արե՞լ ես, թե՞ ոչ: Բայց եթե դա այդպես չլինի, քեզ մոտ արդեն խնդիրներ կսկսվեն»:

Սովորաբար նորմալ երեխաների հետ սա աշխատում է: Դուք, իհարկե, կարող եք երեխային օգնել, բայց եթե նա ոչինչ չի խնդրում, մի խառնվեք, իսկ նրա փոխարեն ընդհանրապես ոչինչ մի արեք: Ես ելնում եմ այն մտայնությունից, որ, եթե երեխային դպրոց են ընդունել, նրան հոգեպես մեղսունակ են ճանաչել, նա չունի զարգացման հետ կապված խնդիրներ, ապա բոլոր հարցերը դպրոցինն են:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս