«Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել». Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին երկար է տեւել եւ բուռն։ Ընտրական օրենսգրքից հետո քննարկվել է վերջին շրջանում ՀՀԿ-ն լքածների հարցը։

ԳՄ-ականները ցանկացել են իմանալ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, հիշեցրել են՝ երբ Սասուն Միքայելյանը լքեց ՀՀԿ-ն, նրան անվանեցիք «դավաճան», Շիրակ Թորոսյանին՝ «թուլամորթ», Ցոլակյանին՝ «առնետ»։ «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել»,- ասել է Սերժ Սարգսյանը եւ արձանագրել, որ գնացածներին անվանարկելով՝ հարցը չի լուծվի․ իրենց որոշումն է՝ մեղքն իրենց վիզը։ Ապա քննարկել են առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը։

Սերժ Սարգսյանը կարծիք չի հայտնել, լսել է ԳՄ-ականներին, որոնք միաբերան պնդել են, որ եթե անգամ պիտի պարտվեն, զրո ձայն հավաքեն, քաղաքական մոտեցումը պահանջում է մասնակցել։ Մանավանդ՝ իրատեսական է, որ ընտրությունները կայանան հին օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգայինով, ինչը մեծացնում է ՀՀԿ-ի շանսերը։ Դեմ է եղել միայն Սամվել Ֆարմանյանը՝ ասելով, որ թիրախ են դառնալու բոլոր ուժերի համար, իրենց հաշվին փորձելու են ռեյտինգ հավաքել։

Սերժ Սարգսյանը մասնակցելու կողմնակիցներին առաջարկել է գնալ, քննարկել, առաջարկների-քայլերի փաթեթ պատրաստել, ներկայացնել՝ «նոր կոնկրետ որոշում կկայացնենք»։ Որեւէ ցուցակ, համամասնականի հերթականություն ԳՄ նիստում չի քննարկվել։ Քննարկել են առհասարակ ՀՀԿ-ի ապագան, այդ թվում եւ՝ համագումար անցկացնելու հարցը։ Որոշվել է նոյեմբերի սկզբին հրավիրել ոչ թե համագումար, այլ՝ համաժողով։ «Համագումար անցկացնել այս պահին նպատակահարմար չէ»,- տեղեկացրեց ԳՄ աղբյուրը։

Ընտրությունների մասնակցության հարցը համաժողովո՞ւմ կքննարկվի։ «Այո, սակայն մինչ այդ ԳՄ-ում ու ՀՀԿ խորհրդի նիստում կլինի քննարկում»։ Բայց մինչ այդ՝ հաջորդ շաբաթ կայանալիք ԱԺ արտահերթ նիստը, հավանաբար, ՀՀԿ-ն կտապալի՝ քվորում չի լինի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս