ՀՀԿ-ն կբոյկոտի՞ ԱԺ նիստը

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը քննարկելու և ընդունելու նպատակով Ազգային ժողովի արտահերթ նիստը հրավիրված է երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Սակայն մամուլում լուրեր են շրջանառվում, որ հնաարվոր է այն չկայանա՝ ՀՀԿ-ն բոյկոտի նիստը և քվորում չապահովի:

168.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ամեն դեպքում երկուշաբթի արտահերթը հրավիրված է, բայց եթե չգրանցվեն համապատասխան թվով պատգամավորներ, քվորում չլինի, չի կայանա: Հարցին՝ կա՞ արդյոք նման հավանականություն, պատգամավորը պատասխանեց. «Չգիտեմ: Ես գիտեմ, որ արտահերթ նիստ է, պետք է ներկայանալ այդ նիստին»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ նման որոշման մասին. «Ես չեմ կարող ՀՀԿ-ի անունից ասել, ես կուսակցական չեմ: Կուսակցության նիստերին չեմ մասնակցել, տեղեկություն չունեմ: Խմբակցության նիստ էլ դեռ տեղի չի ունեցել, ես չեմ կարող խմբակցության դիրքորոշում հայտնել»:

Հարցին՝ դա բխո՞ւմ է ՀՀԿ շահերից, ի՞նչ կտա դա ՀՀԿ-ին, Կոստանյանը պատասխանեց. «Չգիտեմ»:

Կարդացեք նաև

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ եթե քվորում չապահովվի, ապա նիստը տեղի չի ունենա: Այդ դեպքում, ըստ նրա, ընտրությունների կգնանք հին օրենսգրքով: Միաժամանակ, Ա.Զեյնալյանը չբացառեց, որ փորձ կարվի նորից ԱԺ նիստ հրավիրել. «Կտեսնենք ինչպես կստացվի»:

Տեսանյութեր

Լրահոս