«Ազատ արձակվելուց հետո Գարեգին Չուքասզյանի, Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ չեմ հանդիպել, չեմ զրուցել և, ազնվորեն ասած` ցանկություն էլ չունեմ: Տհաճ է արդեն». Պավել Մանուկյան
Այսօր Factor.am-ին տված իր հարցազրույցում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Պավել Մանուկյանը վերահաստատեց նախկինում իր արած հայտարարությունները:
Մասնավորապես, նա նշեց, որ զինված ապստամբության էջը փակված չէ, ինքը չի փոշմանել կատարվածի համար, և ևս մեկ անգամ զենք կվերցնի, եթե իր կարծիքով՝ ժողովրդի շահերը պաշտպանելու խնդիր լինի:
Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, թե ոստիկան Գագիկ Մկրտչյանը սպանվել է ոչ թե Արմեն Բիլյանի, այլ Էդուարդ Գրիգորյանի պատահական արձակված կրակոցից, նա վերահաստատեց իր պնդումը` ասելով, որ դա այդպես է, և, որ այդ մասին խմբում բոլորը գիտեն:
Նույնը վերաբերում է նաև գնդում եղած բանկոմատը ջարդելուն: Պ. Մանուկյանը պնդեց, որ իրենք և, մասնավորապես, Արմեն Բիլյանն ու Վարուժան Ավետիսյանը, դեմ են եղել բանկոմատը ջարդելուն, սակայն եղել է այն, ինչ եղել է, և այժմ դրա համար ևս պատասխանատվություն է կրում ոչ թե կատարողը, այլ մեկ ուրիշ մարդ:
Խոսելով «Սասնա ծռեր» կուսակցությանն անդամակցելու մասին, նա ասաց, որ իրեն իմանալով` կուսակցության հիմնադիրներն իրեն անդամակցելու ուղիղ առաջարկ չեն արել, բայց միևնույն է, ինքը չի կարող լինել այնտեղ, որտեղ կեղծիքն է:
Նա համոզմունք հայտնեց, որ այդ ամենն արվում է Գարեգին Չուքասզյանին գոհացնելու համար, ով «Սասնա ծռերի» հետ որևէ կապ չունի և դասալիք է:
«Ազատ արձակվելուց հետո Գարեգին Չուքասզյանի, Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հետ չեմ հանդիպել, չեմ զրուցել և, ազնվորեն ասած` ցանկություն էլ չունեմ: Տհաճ է արդեն: Ես Վարուժանին մեկ բան եմ ասել, որ իրեն շատ եմ սիրել, բաց այժմ ինձ համար սիրելի Վարուժանը դարձավ զզվելի: Նա ընդամենն ասաց, որ շնորհակալ է ազնիվ խոսքի համար: Բայց ես ցավում եմ դրա համար, քանի որ որտեղ ավարտվում է ազնվությունը, սկսվում է սատանայի թագավորությունը»,- ավելացրեց Պավել Մանուկյանը:
Վերջինս շեշտեց նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անպայման է հանդիպելու, քանի որ ինքը թույլ չի տալու, որ Արմեն Բիլյանը դատապարտվի չկատարած հանցանքի համար, և, որ այդ գործը պետք է բացահայտվի իր ողջ ծավալով: Երկրորդական չէ նաև իր հետագա դերակատարությունը ճշտելու հարցը, և ինքն իրեն տեսնում է բանակաշինության դիրքերում:
Պավել Մանուկյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին` ցուցաբերած վերաբերմունքի համար:
Մանրամասները` տեսանյութում:
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ