
Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ևս մեկ տարի

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանը վնասվածքի պատճառով մեկ տարի չի մասնակցի միջազգային մրցաշարերի:
«Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Սերգեյը դեռևս վերականգնվում է տարվա սկզբին ունեցած վնասվածքից: Փոխարենը Միքայել Միքայելյանն այս տարի կմասնակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը և աշխարհի գավաթի փուլերին»,-շեշտեց Սարգսյանը:
Վերջինս փաստեց, որ այս օրերին թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ֆինլանդիայում, որին մասնակցում են 3 մարզիկ և 2 մարզիչ: «Մինչև դեկտեմբերի 10-ը մեր մարզիկները կմասնակցեն ուսումնամարզական հավաքների, աշխարհի գավաթի փուլի և միջազգային վարկանիշային մրցաշարերի, որոնց արդյունքում կհավաքեն վարկանիշային միավորներ 2022թ Օլիմպիական խաղերի համար»,-ասաց գլխավոր քարտուղարը:
Ֆեդերացիան պլանավորում է այս տարի մի շարք միջազգային մրցաշարեր անցկացնել Հայաստանում, որոնք կլինեն վարկանիշային և ընդգրկված են միջազգային ֆեդերացիայի օրացույցային պլանում:
Արմինե Նովրուզյան