«Այս ահազանգն ունի կոնկրետ հասցեատերեր». տարածքներ ենք կորցնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է` բնականաբար, հօգուտ հարեւան պետությունների, իսկ պատկան մարմինները ինչպես ՀՀԿ իշխանության օրոք, այնպես էլ հիմա, ոչինչ չեն ձեռնարկում, միայն լուռ հետեւում են:
Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Լոռու մարզում անտառների հատման հետեւանքով, Արմավիրում՝ Արաքս գետից ավազը հանելու արդյունքում սահմանի գիծը պարբերաբար հետ է մղվում: Ու թեեւ այս հարցի վերաբերյալ պետական մակարդակով լուրջ քննարկումներ են եղել, բայց խնդիրը չի լուծվել:
«Ժողովուրդ» թերթը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում այս մասին Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով ընդամենը 9 օր առաջ է այս պաշտոնին նշանակվել: Նրա օգնական ներկայացած Գայանեն խոստացավ, որ խնդրի շուրջ մարզպետարանն առաջիկայում տեղեկություն կտա, երբ` չիմացանք:
Պարզվում է` նույն վիճակն է նաեւ սահմանամերձ Տավուշի մարզում: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդիրների շուրջ դիմեց նաեւ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին, սակայն պարզվեց, որ նա անգամ տեղյակ չէր: Մինչդեռ Ղալումյանը Տավուշի մարզպետի պաշտոնին է արդեն 5 ամիս:
Փաստորեն, մեր երկրի կարեւորագույն խնդրին տեղյակ չէ: ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց.
«Այս ահազանգը ունի կոնկրետ հասցեատերեր` ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյան, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան»: Նրանք պարտավոր են պահպանել ՀՀ պետական սահմանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: