Բաժիններ՝

«Նաիրիտի» սնանկության կառավարիչն արագացված կերպով ապամոնտաժում է գործարանը, իսկ կառավարությունը սկսել է չարաշահումների ուսումնասիրությունը

«Նաիրիտ» գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն այսօր խոչընդոտել է ներդրողների կողմից գույքագրում իրականացնող մասնագետների մուտքը գործարան։

«Նաիրիտում» աուդիտը սկսվել էր սեպտեմբերի 21-ից՝ կառավարության հուշագրի համաձայն։ Մասնագետների նախնական կարծիքով՝ գործարանը դեռ կարելի է վերաթողարկել, բայց ուսումնասիրության ժամանակ առկա սարքավորումները հետո ապամոնտաժվում են։ Ընդ որում՝ վերջին շրջանում առաջնային ապամոնտաժվում և վաճառվում են հենց այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են գործարանի աշխատանքի համար, օրինակ՝ տեխնիկական ջրի խողովակաշարը, քացախաթթվի սարքավորումներն ու խողովակաշարը։ Դրանց վերականգնման համար այժմ մեծ ներդրումներ կպահանջվեն։ Վերջերս էլ կառավարիչը պայմանագիր է կնքել «Մետեքս» ընկերության հետ՝ 22 հազար տոննա մետաղի ջարդոնի վաճառքի մասին։ Այսինքն՝ երբեմնի քիմիական հսկան բերվում է մի վիճակի, որ հնարավոր չլինի դրա վերագործարկումը։

Բողոքելով կառավարչի կամայականությունների ու ապօրինությունների դեմ՝ նաիրիտցիներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև։

«Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այն սարքավորումները, որոնք իսկապես պիտանի չեն գործարանի գործարկման համար և ենթակա են փոփոխման, կառավարիչը չի վաճառում, իսկ լրիվ նոր սարքավորումները, որ ժամանակին ձեռք են բերվել 70 հազար դոլարով, վաճառել է 4000 դոլարով։ Ընդ որում, ըստ նրա, Ասատրյանը շտապում է ազատվել արդեն իսկ գույքագրված սարքավորումներից։

Կարդացեք նաև

«Ինչո՞ւ են վաճառվում այն սարքավորումները, որ մեզ պետք են լինելու գործարկման ժամանակ,- հարցադրում արեց Կ.Շահվերդյանը և շարունակեց,- Խայտառակ ձևով ապամոնտաժում է իրականացվում, խողովակները փողոցի մեջտեղում թափված են։ Վաղը մեզ, հնարավոր է՝ ասեն՝ այս ամբողջը վաճառված է, ոչինչ չենք կարող անել, հաջողություն ձեզ։ Այսինքն՝ էլ ներդրողներն ինչո՞ւ են գալիս։ Եվ մինչ օրս՝ 5 ամիս է անցել, մի՞թե վարչապետն այնքան կարևորություն չի տալիս հարցին, որ այսքան ժամանակ չի կարողանում մեզ հանդիպել»։

Նաիրիտցիներին հանդիպեց և նրանց բողոքը լսեց Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով ՀՀ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը և հրավիրեց վաղը ժամը 12։00-ին իր հետ հանդիպման՝ առկա փաստաթղթերով։

Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ 2 օր առաջ սկսել է զբաղվել գործարանի հարցով։ Ըստ նրա՝ մեծ ծավալի կուտակված տեղեկություններ կան չարաշահումների մասին, և շարունակում են հավաքագրել տեղեկությունները, պատրաստվում են որոշակի գործողությունների, որոնց մասին, սակայն, դեռ վաղ է խոսել։ Հարցին՝ հնարավո՞ր է կանգնեցնել սնանկության գործընթացը, մինչև որոշում կկայացվի, Ա.Մկրտչյանը պատասխանեց, որ վաղը նաիրիտցիների հետ կքննարկեն նաև այդ հարցը։

Մինչ նաիրիտցիները փորձում են ուղիներ գտնել հարազատ դարձած գործարանը կրկին աշխատեցնելու համար, «հականաիրիտցիներն» ամեն կերպ փորձում են խոչընդոտել. ճնշումներ են սկսվել գործարանի վերագործարկման համար ակտիվ պայքարողներից մեկի՝ «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի դեմ։

Մեզ հետ զրույցում Կ.Իսրայելյանը տեղեկացրեց, որ իրենք դիմել են ԱԱԾ և Պետական վերահսկողական ծառայություն, ներկայացրել սնանկության կառավարչի կողմից տեղի ունեցող չարաշահումների փաստերը, սակայն գրություններ են ստացել, թե ամեն ինչ նորմալ է.

«Անհասկանալի պատասխան, մեզ բացատրել են սնանկության կառավարչի իրավասությունները, և ոչ մի խոսք՝ գողության ու ապրանքներն իրական արժեքից էժան վաճառելու մասին»։ Փոխարենը, ինչպես նշեց Իսրայելյանը, իր դեմ քրեական գործ է հարուցվել Դատախազությունում՝ կառավարչի բողոքի հիման վրա, որ իբրև թե 2006 թ. ինքը 8 մլն դրամ է ստացել գործարանից.

«Բայց դա կեղծ տեղեկատվություն էր, և սուտ մատնության գործ պիտի բացվի։ Սնանկության կառավարիչը «Նաիրիտի» աշխատակիցների ներկայությամբ հայտարարել է, որ պիտի նստացնի ինձ, բայց ոչ թե «Նաիրիտի», այլ՝ «Հայգազարդի» փաստերով։ Ու դրանից մի շաբաթ անց «Հայգազարդի» սնանկության կառավարչի դիմումի հիման վրա քրեական գործ է բացվել, ինձ՝ որպես վկա, կանչել են հարցաքննության»։

«Այսինքն՝ սնանկության կառավարիչները իրար հետ կարողանում են լավ համաձայնության գալ։ Ես հասկանում եմ՝ իրենք ուր են ուզում տանել գործը. ուզում են, որ ես հրաժարվեմ պայքարից, բայց ես չեմ հրաժարվելու։ «Նաիրիտը» պետք է աշխատի»,- հայտարարեց Կ. Իսրայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս