Նոր իշխանությունները չունեն արտաքին քաղաքականության հայեցակարգ, այդ պատճառով էլ ուշ արձագանքեցին Միլսի հայտարարությանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ասել էր, թե մի օր գրավյալ տարածքների վերադարձն անխուսափելի է լինելու. «Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշ մասի վերադարձ»,- ասել էր նա:

Դեսպանը նաև նշել էր, որ չի կարծում, թե ներկայիս ստատուս-քվոն Հայաստանի օգտին է՝ հաշվի առնելով երկրի  նյութական և մարդկային ռեսուրսների համար մեծ խոչընդոտ հանդիսացող փակ սահմանները:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի պաշտոնավարման հրաժեշտի հայտարարությանը  և այդ հայտարարության հետ կապված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքին, թե դեսպանի հայտարարությունն ընդամենը «հեռացողի արձագանք» էր, քանի որ դեսպանը ավարտում է իր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, նկատեց, որ Ռիչարդ Միլսը հեռացող է, սակայն ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ ոչ։

«Սա դեսպանի անձնական տեսակետը չէր, քանի որ ժամանակին ունեիք քաղաքական գործիչ, որը նշում էր, թե սա դեսպանի անձնական տեսակետն է։ Այո, գուցե սա հեռացող դեսպանի՝ հեռացող մեսիջ էր, բայց ԱՄՆ  Պետքարտուղարությո՞ւնն էլ է հեռանում.  ո՛չ։ Խնդիրը նրանում է, որ նոր իշխանությունները չունեն արտաքին քաղաքականության հայեցակարգ, որի մեջ Արցախը պետք է զբաղեցնի իր կարևոր տեղը, և, բնականաբար, հեռացող դեսպանների միջոցով որոշ մեսիջներ են փոխանցում՝ ստուգելու հասարակության կամ իշխանության վերաբերմունքը։  Այս հայտարարությունը կարող է և մեսիջային բնույթ էլ ունենալ՝ ստուգելու համար, թե հասարակության և իշխանությունների արձագանքն ինչպիսին է»,- ասաց քաղտեխնոլոգը։

Ըստ նրա, Հայաստանի գործող իշխանություններն այս հայտարարությանն ավելի ուշ արձագանքեցին, քան ՌԴ արտգործնախարարությունը ՝ այն պատճառով, որ ՀՀ իշխանությունները չունեն արտաքին քաղաքականության հայեցակարգ, և շատ դեպքերում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ չգիտեն էլ, թե ինչպես կարելի է արձագանքել։

«Երբ չկա հայեցակարգ, սկսում են մտածել, թե այս իրավիճակում ի՞նչ պատասխանեն։ Լինելու դեպքում հայտարարությունից հինգ րոպե անց ՀՀ արտգործնախարարության խոսնակը կարձագանքեր։ Սա գալիս է ստրատեգիական վեկտոր չունենալուց, սա արդեն տեսանելի է, և այս ամենն աստիճանաբար ազդելու է երկրի բոլոր բնագավառների վրա»,- շեշտեց Արմեն Բադալյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս