
Պոլսո հայոց պատրիարքարանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

Պոլսո հայոց պատրիարքարանը ցավակցություն է հայտնել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացանք լուսանկարի աշխարհահռչակ վարպետ Արա Գյուլերի մահվան բոթի մասին: Նա իր կյանքի ընթացքում մամուլի և տեղեկատվական լուսանկարչական իսկական գագաթնակետն է հանդիսացել: Նա իր անունը հպարտությամբ պահեց և դրանով հռչակ վայելեց ամենուրեք՝ գնահատվելով զանազան իշխանությունների և հաստատությունների կողմից: Նա նախընտրեց միշտ համեստ մնալ: Գյուլերն այլևս բացակա է ֆիզիկապես, բայց իր անունն ու հիշատակը կմնա իր անզուգական արվեստի շնորհիվ: Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի հուղարկավորության արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին՝ Պեյողլուի Սուրբ Երրորդություն եկեղեցում»,-նշված է Պոլսո հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջում:
Պոլսահայ լուսանկարիչը մահացել է 90 տարեկան հասակում ՝սրտի կանգից: