«Վենետիկի հանձնաժողովին այդքան գերագնահատել պետք չէ». Արմեն Բադալյան

Հոկտեմբերի 16-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, հնարավոր է, չլինի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։

168.am-ը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է փոփոխված Ընտրական օրենսգրքով գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ չունենալով դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը։

«Այնքան Վենետիկի հանձնաժողովի հարցը չի կարևոր, որքան ստեղծված իրավիճակը, մենք ուղղակի գնում ենք ընտրությունների։ Այս պահի դրությամբ ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ զուտ իրավիճակային պահից ելնելով, ամենայն հավանականությամբ, հնարավոր չէ հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, քանի որ հանձնաժողովը պետք է երկար աշխատի։ Եթե հասցնի մեկ շաբաթում ԸՕ-ի փոփոխված տարբերակն ուսումնասիրել, ինչին խիստ կասկածում եմ, ապա կլինի եզրակացություն։ Եթե հանձնաժողովի կարծիքը լինի, ապա բավականին ուշ կլինի»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։

Ըստ նրա, երբ ավարտվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, գուցե իշխանությունները սկսեն Ընտրական նոր օրենսգիրք գրել, սակայն սա արդեն հարցի մյուս կողմն է։

Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե ինչպես կազդեն Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ԽՎ-ի գնահատականներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա, եթե դրանք անցկացվեն առանց Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական եզրակացության, ապա Արմեն Բադալյանն ասաց.

«Միշտ հիշեք, ընտրված Ազգային ժողովի լեգիտիմությունը միշտ ժողովուրդն է որոշում և ճանաչում, քանի որ մենք ունեցել ենք փուլեր, երբ ընտրություններին ԵԽ ԽՎ դիտորդներն ասում էին, որ, եթե ձեր երկրի բնակիչները համակերպվում են ընտրակեղծարարություններին, ապա մենք ի՞նչ պետք է անենք։

Դրա համար Վենետիկի հանձնաժողովին այդքան գերագնահատել պետք չէ, երբ կլինեն ընտրություններ, և հանձնաժողովին կներկայացվի նորմալ Ընտրական օրենսգիրք, այդ ժամանակ էլ եզրակացության պետք է սպասել ապագա ընտրությունների համար»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս