Բաժիններ՝

Կառավարությունը 560 մլն դրամ կհատկացնի Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին

Կառավարության պահուստային ֆոնդից 560 մլն դրամի սուբսիդիա կհատկացվի «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին փոխանցելու նպատակով՝ վերջինիս մոտ շահութահարկի գծով առաջացած հարկային պարտավորությունները վճարելու նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 18-ի նիստում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս 2014 թվականի մարտին որոշվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ-ը և ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն միացնել ու վերակազմակերպել որպես «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ: 

2014 թվականի սեպտեմբերի 24-ին «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ կողմից էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել հարկային հաշիվ, որի համաձայն ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները իրացվել են 1,147,722,029 վերագնահատված ՀՀ դրամ գումարով /առանց ԱԱՀ/: Սակայն, ՀՀ կառավարության որոշման համաձայն, նշված գումարից «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերությունը պետք է միայն հաշվարկեր և վճարեր ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը, որն էլ կատարվել է «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

ՊԵԿ-ի կողմից «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում» ստուգման ընթացքում օգտագործվել են «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի հաշվապահական ծրագրի տվյալները: Արդյունքում` արձանագրվել է, որ ՊՈԱԿ-ի կողմից շահութահարկի գծով բյուջե ենթակա է լրացուցիչ վճարման 547,204,852 ՀՀ դրամ, որից հարկ՝ 255,276,110 ՀՀ դրամ, տուգանք՝ 153,165,666 ՀՀ դրամ և տույժ՝ 138,763,076 ՀՀ դրամ:

Արդյունքում, հարկային մարմնի կողմից առաջադրված հարկային պարտավորությունները շարունակում են մնալ չկատարված, քանի որ ՊՈԱԿ-ը չունի համապատասխան ֆինանսական միջոցներ: Ավելին, նշյալ պարտավորությունների գանձման ուղղությամբ հարկային մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում հարկային մարմինը իրավասու է կիրառել ՊՈԱԿ-ի դրամական միջոցների և գույքի արգելադրում՝ ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին համապատասխան: Բացի այդ, առաջադրված և չկատարված հարկային պարտավորությունների դիմաց ՀՀ օրեսդրությամբ սահմանված կարգով շարունակվում են հաշվարկվել տույժեր` օրական շուրջ 45,0 հազար դրամի չափով, որի արդյուքում ընդհանուր պարտքի գումարը ներկայում կազմում է 559,657.3 հազար դրամ:

Ելնելով վերոգրյալից, ՊՈԱԿ-ի բնականոն և շարունակական գործունեությունն ապահովելու նպատակով, առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից համապատասխան գումար հատկացնելու միջոցով առաջացած խնդրին տալ հրատապ լուծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս