
Հռոմում բացվում է «Կինոյի տոն» միջազգային փառատոնը

Հոկտեմբերի 18-ին Հռոմում 13-րդ անգամ կբացվի «Կինոյի տոն» միջազգային կինոփառատոնը: Իր գոյության ընթացքում այն քանիցս փոխել է ձեւաչափը եւ այժմ վերադարձել է հանդիսատեսների փառատոն լինելու, հանրությանը համաշխարհային կինոյի համայնապատկերին եւ նրա լավագույն ժամանակակից նմուշներին ծանոթացնելու սկզբնական գաղափարին:
Այս տարվա ծրագրում են Էլայ Ռոտի «Ժամացույցներով տան գաղտնիքը» թրիլլերը՝ Քեյթ Բլանշեթի մասնակցությամբ, Մայքլ Մուրի «Ֆարենգեյթ 11/9» նոր քաղաքական պամֆլետը, լեհական կինոյի դասական Կշիշտոֆ Զանուսիի վերջին աշխատանքը՝ Eter-ը: Կինոփառատոնի բացմանը կկայանա Դրյու Գոդարդի «Ոչ մի լավ բան «Էլ Ռոյալ» հյուրանոցում» ֆիլմի պրեմիերան՝ Ջեֆ Բրիջեսի, Դակոտա Ջոնսոնի, Քրիս Հեմսֆորթի, Ջոն Հեմմի մասնակցությամբ: Հիմնական ծրագրում ներկայացված կլինեն տարբեր երկրների 38 գեղարվեստական ժապավեններ եւ վավերագրական կինոնկարներ:
Կինեմատոգրաֆում ներդրված ավանդի համար պատվավոր մրցանակների կարժանանան ամերիկացի ռեժիսոր Մարտին Սքորսեզեն եւ ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Յուպերը, որոնց սպասում են Հռոմում: Ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում է մնում իտալական կինոն:
Նրա նշանավոր ներկայացուցիչներ Մարիո Մարտոնեն եւ Ջուզեպե Տոռնատորեն, Ռորվահեր քույրերը, ստեղծագործական հանդիպումներ կանցկացնեն հանրության հետ: Հետահայաց սեկցիաները նվիրված են Պիտեր Սելերսին, Մորիս Պիալային, ինչպես նաեւ ներառում են մի շարք ցուցահանդեսներ: Հռոմի կինոֆորումը մրցութային չէ, պրոֆեսիոնալ ժյուրի չի նշանակվում, միակ հաղթողին ընտրում են հանդիսատեսների քվեարկությամբ: Այն հայտնի կդառնա հոկտեմբերի 28-ին՝ ֆիլմերի եւ բազմաթիվ ուղեկցող իրադարձությունների տասնօրյա մարաթոնից հետո, որոնցում կխորասուզվի քաղաքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: