Բաժիններ՝

Ռեմբրանդտի «Գիշերային պարեկը» նկարի վերականգնումը կարելի կլինի դիտել առցանց հեռարձակմամբ

Հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտի ամենահայտնի նկարներից մեկը՝ «Գիշերային պարեկը» (1642), որն Ամստերդամի Ռեյքսմյուսեում թանգարանի ցուցադրանքի բաղկացուցիչ մասն է, կվերականգնվի եւ կկոնսերվացվի: Այս մասին հայտնել է The Guardian թերթը։

Ինչպես նշել է հրատարակությունը, վերականգնման գործընթացը կարելի կլինի դիտել ինչպես ինտերնետ-հեռարձակման միջոցով, այնպես էլ անմիջականորեն այցելելով թանգարան:

«Այն (վերականգնումը) կկատարվի համաշխարհայն հասարակայնության աչքի առաջ, եւ դիտողները կկարողանան գործընթացին հետեւել ցանկացած վայրից եւ ցանկացած ժամանակ,- հայտարարել է Ռեյքսմյուսեումի տնօրեն Տակո Դիբիտսը:- Քանի որ այդ նկարը վիթխարի կարեւորություն ունի, եւ այն ցանկանում են տեսնել շատ շատերը, մեզ թվում է, որ այն պետք է հանրությանը մատչելի լինի նույնիսկ այն ժամանակ, երբ մենք զբաղվում ենք վերականգնման աշխատանքներով»:

Նկարի վերականգնումը, որին կմասնակցեն փորձագետներ ամբողջ աշխարհից, տեղի կունենա մի քանի փուլով: Վերջին անգամ նկարը վերականգնվել է 1970-ական թվականներին այն բանից հետո, երբ այն փորձել էր վնասել գործազուրկ ուսուցիչ Ուիլյամ դե Ռեյքը (որն այնուհետեւ ուղարկվեց հոգեբուժական հիվանդանոց, որտեղ 1976 թվականին ինքնասպանություն գործեց): Իսկ այժմ նկարն սկսել է խունանալ: Ստեղծագործության վերականգնման աշխատանքը պետք է սկսվի 2019 թվականի հուլիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս