Երբ որոշեք, որ չունեք այլևս մեր ծառայության կարիքը, մենք բոլորս կհեռանանք մեր պաշտոններից․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Արմավիրում. tert.am

Հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ընտրություններում հաղթողը մեկ սուբյեկտ է լինելու, հաղթողը լինելու է ընտրողը: Արմավիր քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, գրում է tert.am-ը:

«Դուք հաղթելու եք բոլոր ընտրություններում, որովհետև սրանից հետո ձեր տված ոչ մի ձայն չի կեղծվելու, որևէ մեկը չի համարձակվելու գողանալ ձեր քվեն, ձեր իշխանությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնելու»,- ասաց Փաշինյանը՝ եզրակացություն անելով, որ որևէ կասկած չկա, որ առաջիկա կիրակի օրը կայանալիք ընտրություններում հաղթելու են արմավիրցիները։

Նա ներկայացրեց իրենց առաջադրած թեկնածուին՝ Դավիթ Խուդաթյանին, բացատրեց, թե ինչու են նրան ընտրել որպես թեկնածու.

«Որովհետև նա չունի կլան, նա «թայֆայի» ներկայացուցիչ չէ, նա չունի որևէ պարտավորվածություն որևէ մեկի առաջ, և այս ընտրությանը միայն դուք կարող եք նրա առջև պարտավորություն դնել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դա վերաբերում է ոչ միայն Դավիթ Խուդաթյանին, այլև ամբողջ կառավարությանը:

Վարչապետի պաշտոնակատարը, նորից դիմելով արմավիրցիներին՝ ներկայացրեց իրենց թեկնածուին: «Նա ձեզնից մեկն է, որ ձեր հետ է աճել և մեծացել: Գնացե՛ք ընտրատեղամասեր և քվեարկե՛ք Դավիթ Խուդաթյանի օգտին, որովհետև այս ընտրություններում դուք պարզապես քաղաքապետ չեք ընտրում: Այս ընտրություններում դուք շարունակում եք հեղափոխությունը: Եվ այն հեղափոխությունը, որ արեցինք հրապարակներում, մտնում է տեղամասեր»,- ասաց նա:

Նա իր խոսքն ավարտեց հավաստիացումներով, որ չեն խաբի որևէ բանում, «չեն խաբի ձեզ, վստահությունը գետնով չեն տա»:

«Որովհետև եկել ենք ձեզ՝ ժողովրդին ծառայելու: Դուք եք որոշելու, թե որքան պետք է ձեզ ծառայենք: Երբ որոշեք, որ չունեք այլևս մեր ծառայության կարիքը, մենք բոլորս կհեռանանք մեր պաշտոններից, որովհետև իշխանությունը մերը չէ, ձերն է, և մեր ամենակարևոր առաքելությունը ձեր իշխանությունը պաշտպանելն է»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս