«Չորրորդ ուժը կանցնի խորհրդարան, եթե ստանա առնվազն 2% քվե». Արարատ Միրզոյան

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում հանդիպեց «Ելք» խմբակցության պատգամավորների հետ՝ քննարկելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քննարկումն անցել է հիանալի մթնոլորտում: Ըստ նրա՝ որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա և չէր էլ կարող լինել, կա մեկ-երկու տեխնիկական հարց, որը կլուծեն:

Միրզոյանի բնորոշմամբ՝ յուրաքանչյուր խմբակցության հետ յուրովի է եղել քննարկումը, մասնավորապես՝ «Ծառուկյան» խմբակցության հետ մեկ հարցում է միայն տարաձայնություն եղել, շատ արագ փոխզիջման են հանգել և համաձայնության եկել, ՀՅԴ-ի հետ որոշակի կոնցեպտուալ տարաձայնություններ են եղել. «Մեծամասամբ խնդիր չկա, բայց 1-2 առանցքային հարցում ՀՅԴ պատգամավորները համաձայն չեն մեզ հետ, և, ոնց որ թե փոխզիջումային բան էլ չկա, բայց կքվեարկեն, ինչպես կորոշեն»:

Քննադատություններին, որ առաջին անգամ է լինելու, երբ ԸՕ-ն հնարավոր է ընդունվի առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների, Ա.Միրզոյանը դրական է վերաբերվում:

Նա նշեց, որ չորրորդ ուժը կանցնի խորհրդարան, եթե ստանա առնվազն 2% քվե: Ռեյտինգայինի հետ կապված որևէ խմբակցության հետ խնդիր չկա:

Ա.Միրզոյանի խոսքով՝ ԸՕ-ն դեռ կքննարկվի խորհրդարանում, առաջարկություններ կներկայացվեն, փաթեթը կքննարկվի նաև ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում:

«Ես հույս ունեմ, որ բոլոր ուժերը կդրսևորեն անհրաժեշտ խոհեմություն և իմաստություն և կներդնեն իրենց լավագույն ջանքերը, որպեսզի առավելագույնս անցնցում անցնեն 2 շաբաթները: Ցանկացած պարագայում գործադիրը պատրաստ է տարբեր զարգացումների և, դատելով ընդհանուր ոչ պրոֆեսիոնալ հանրային տրամադրությունների շոշափումներից, ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների»,- ասաց Ա.Միրզոյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ չհասցնեն ընդունել ԸՕ-ն ու հին օրենսգրքով գնան ընտրությունների, առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Մենք գնալու ենք ընտրություններին: Ինչպիսի՞ օրենսգրքով՝ պետք է որոշեն խորհրդարանականները: Հույս ունեմ, որ կգնանք նոր օրենսգրքով, որովհետև առաջարկվող փոփոխփությունները շատ ավելի առաջադեմ և ավելի ժողովրդավար պայմաններ են ստեղծում ընտրությունների համար, այդ թվում և հիմնականում՝ համեմատաբար փոքր ռեսուրսներ ունեցող կուսակցությունների համար, ինչը, կարծում եմ, լավ է»:

Տեսանյութեր

Լրահոս