«Հորդորում եմ երբեք այնպես չանել, որ իմ մեջ նախկին մասնագիտության տերը խոսի». Հունան Պողոսյան

asparez.am-ը գրում է. Այսօր Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվեց նախկին առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Հունան Պողոսյանը, պարգեւատրվել է նաեւ ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ, ԱԱԾ, ՌԴ ՆԳՆ բազմաթիվ գերատեսչական մեդալներով։ ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգեւատրվել է մարտական զենքով։

Վերջինիս այսօր Սյունիքի մարզպետարանում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ զագացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մենք նոր փուլ ենք թեւակոխում հեղափոխության, որտեղ թայֆայական մոտեցումները պետք է բացակայեն: Ես խնդրում եմ եւս մեկ անգամ սերտել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: Եթե Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունը նշում է, որ Հայաստանի ամեն անկյունում պետք է թեւածի հանդարտություն, ջերմություն ու հանդուրժողականություն, դա չի նշանակում, որ սա կանաչ լույս է վառում տարաբնույթ խմբերի զբաղվելու կլանային կամ այնպիսի բաներով, որը սեւ բիծ է քաշում մեր գործունեության վրա: Եւս մեկ անգամ հորդորում եմ մեր գործընկերներին շատ ուշադիր գտնվել օրինականության պահպանմանը: Պարոն Պողոսյանին, կարծում եմ, ներկայացնելու կարիք չկա, նա երկար ճանապարհ է անցել: Սպայի կոչման, ոստիկանի կոչման եւ առհասարակ նոր Հայաստանում ոստիկանի դերի պատկերացումները մեզանում պետք է փոխվեն: Իրավապահը, սպան մեզանում պետք է լինի օրինականության սիմոլ: Կոչ եմ անում համագործակցել նորանշանակ մարզպետի հետ եւ օժանդակել Սյունիքի զարգացմանը»,- նշեց նախարարը:

«Շնորհակալ եմ պարոն վարչապետին, պարոն նախարարին, իմ նշանակման դեպքում իրողությունն այլ էր, կարծում եմ, լսել եք վարչապետի մեկնաբանությունը եւ վստահ եմ, հասկացել եք` ինչ ի նկատի ուներ վարչապետը, երբ պարզաբանում էր իմ նշանակումը: Ես խնդրում եմ բոլորիդ ինձ համարել ձեզանից մեկը: Հորդորում եմ երբեք այնպես չանել, որ իմ մեջ նախկին մասնագիտության տերը խոսի: Ես եկել եմ աշխատելու՝ որպես մարզպետ, բոլորիդ, իրոք, սիրում եմ եւ հարգում եմ: Համարեք ինձ ձեզանից մեկը եւ կտեսնեք, որ մենք կունենանք հաջողություններ»,- այսպես ներկայացավ նորանշանակ մարզպետը:

Մամուլը քիչ առաջ հրապարակեց, որ մի խումբ մարդիկ, ի նշան բողոքի, փակել են Սյունիք տանող միջպետական ճանապարհը։ «Սյունիքի մարզպետը պետք է լինի սյունեցի»,- հայտարարել է բողոքի ակցիայի մասնակիցների մեկը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութեր

Լրահոս