Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանին` կատարած աշխատանքի և Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար։
Շնորհավորելով նորանշանակ մարզպետին` նախարարը նշել է, որ ներկայացնում է սպայի, ՀՀ ոստիկանության գեներալի, իսկ նոր Հայաստանում ոստիկանը, սպան պետք է օրինականության խորհրդանիշը լինեն։ Շարունակելով` նախարարը շեշտել է, որ բազմիցս ընդգծել է Սյունիքի կարևորությունը Հայաստանի, կառավարության համար, իսկ հանրապետության բոլոր անկյուններում օրինականության գոյության մասին որևէ քաղաքացի կասկած չպետք է ունենա: «Նոր Հայաստանն իր հետ բերել է նոր իրողություններ, և այն մարդիկ, ովքեր կարողանում են տեղավորվել այդ իրողություններում, մեզ հետ երկար ճանապարհ ունեն անցնելու», – հավելել է նախարարը՝ կրկին շնորհավորելով մարզպետին և մաղթելով բեղուն գործունեություն:
Կարեն Համբարձումյանը ևս շնորհավորել և բարի կառավարում է մաղթել Հունան Պողոսյանին՝ վստահեցնելով, որ սյունեցիները պետականամետ են, իսկ ինքն այսուհետ էլ պատրաստակամ է շարունակել հետագա գործունեությունը՝ ի շահ Սյունիքի:
Նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, կառավարությանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարին` մարզի ղեկավարումն իրեն վստահելու համար։ Ընդգծելով, որ նախկինում էլ իր աշխատանքի բերումով առնչություն է ունեցել մարզի և նրա խնդիրների հետ՝ մարզպետը հորդորել է ներկաներին վստահել իրեն և հավաստիացրել, որ մարզում հաջողություններ կունենան։
Նշենք նաև, որ մինչև մարզպետարանում նախատեսված հանդիպումը, նախարար Սուրեն Պապիկյանը, մարզպետ Հունան Պողոսյանն ու ճանաչողական այցով Կապանում գտնվող ԱԱԾ տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այցելել են Կապանի քաղաքային մարզադաշտ, ծանոթացել այն խնդիրներին, որոնց պատճառով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբն այստեղ հանդիպումներ չի ունենում: