«Սարսափելի ոչինչ չեմ տեսնում». Հայրիկյանը՝ որդուն բերման ենթարկելու մասին
Երեկ տեղեկություն տարածվեց, թե ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի կենտրոնից Ոստիկանության կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա Դավիթ Հայրիկյանին՝ կասկածելով նրան դանակ կրելու մեջ։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածը ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի որդին է։
168.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը հայտնեց, որ որդին կնոջ, մեկ և երեք տարեկան մանկահասակ երեխաների և բարեկամների հետ զբոսնել է Հյուսիսային պողոտայում:
«Հավանաբար երեխաներին տրվող միրգը կտրելու համար օգտագործել է կենցաղային, ծալովի դանակը։ Կարծում եմ՝ դանակը տեսնելով՝ ոստիկաններն իրենց պարտքն են համարել ստուգել այն։ Սարսափելի ոչինչ չեմ տեսնում, պարզապես գերզգուշավորություն են ցուցաբերել»,- ասաց ԱԻՄ ղեկավարը:
Հարցին՝ որքա՞ն ժամանակ է որդին Ոստիկանության կենտրոնական բաժնում մնացել, Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ կարծես թե 1.5 ժամ:
«Այժմ Վայոց Ձորում է, կվերադառնա, մանրամասները կճշտեմ»,- նշեց նա:
Պարույր Հայրիկյանը ընդգծեց նաև, որ կատարվածում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
«Այս օրերին, բնականաբար, քննադատում ենք նախորդ իշխանության կազմած Սահմանադրությամբ նոր ընտրությունների գնալու ցանկությունը, բայց դրա առիթով որևէ սադրանք հավանական չեմ համարում»,- եզրափակեց ԱԻՄ ղեկավարը:
Անի Կարապետյան