ԱԺ-ում սկսվում են ակտիվ քննարկումները

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների փաթեթին հավանություն տալու հարցը։ Կառավարության հաստատումից հետո փաթեթը կուղարկվի ԱԺ, որտեղ արդեն խմբակցություններում կսկսվեն դրա քննարկումները։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ իրենք ԸՕ նախագիծը քննարկելու են այսօր։

Վաղը՝ հոկտեմբերի 17-ին, նախագիծը կքննարկվի «Ելք» խմբակցությունում։ «168 Ժամի» հետ զրույցում խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ քննարկումներին մասնակցելու է նաև ՀՀ առաջին փոխվարչապետ, վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Արարատ Միրզոյանը։

Գորգիսյանի խոսքով՝ խմբակցությունները պետք է ներկայացնեն իրենց մտահոգող կետերը, առաջարկները. «Մինչև բուն նստաշրջան մտնելը պետք է այդ պրոցեսը տեղի ունենա, և քաղաքական ուժերը պետք է իրենց մտահոգությունները ներկայացնեն։ Շատ կարևոր է քաղաքական կոնսենսուսի ձևավորումն Ընտրական օրենսգրքի շուրջ»։

Կարդացեք նաև

Հոկտեմբերի 19-20-ին տեղի է ունենալու Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը, որտեղ քննարկվելու է նաև ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Քննարկումներին ներկա կլինեն ՀՀ առաջին փոխվարչապետ, վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Ա. Միրզոյանը և հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ 100%-անոց վստահություն չկա, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կլինի ավելի շուտ, քան ՀՀ ԱԺ-ի կողմից ԸՕ փոփոխությունների ընդունումը, սակայն նախագծում արված շատ փոփոխություններ հենց Վենետիկի հանձնաժողովի  և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններով են պայմանավորված։

«Գործող ԸՕ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի շատ առաջարկություններ չեն իմպլեմենտացվել նախկինում, և այժմ մենք դրանք, ոչ բոլորը, բայց շատերը իմպլեմենտացրել ենք այս նախագծում։ Ամեն դեպքում, Վենետիկի հանձնաժողովը դրական կամ բացասական եզրակացություն չի տալիս, այն տեսակետ է հայտնում ամեն կարգավորման վերաբերյալ։ Կարծում եմ՝ Վենետիկի հանձնաժողովը կողջունի շատ փոփոխություններ, որովհետև դրանք հենց իրենց նախկին առաջարկներն են»,- ասաց Դ. Իոաննիսյանը՝ նկատելով, որ Հայաստանը պարտավոր չէ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը իմպլեմենտացնել։ Ըստ նրա՝ անգամ ԵԽ անդամ երկրներ կան, որ իրենց ընտրական օրենսդրությունը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով, այսինքն՝ դա ընդամենը հնարավորություն է, որ երկիրն օգտվի այդ հանձնաժողովի փորձագիտական կառույցից։

«Ներկայիս տեսքով ԸՕ նախագիծը որքանո՞վ է համաձայնեցված հայաստանյան քաղաքական ուժերի հետ» հարցին Դ. Իոաննիսյանը պատասխանեց, որ շատ առաջարկներ իմպլեմենտացված են: Ավելին՝ օրինակ, ընտրագրավի նվազեցմանը հանձնաժողովը հակված չէր, բայց բազմաթիվ առաջարկներ էին եղել, ԱԺ-ի ուժերը կոնսենսուսով առաջարկել էին 10 մլն դրամից դարձնել 7.5 մլն, արտախորհրդարանական ուժերը ևս առաջարկել էին նվազեցնել, հանձնաժողովն ընդառաջ է գնացել։ Կամ՝ իմպլեմենտացվել է ՀՀԿ առաջարկը՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կիրառվող քվեաթերթիկների կարուսելների կանխարգելման մեխանիզմը կիրառել նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները դեռևս շատ խնդրահարույց կետեր են տեսնում նախագծում, Դ. Իոաննիսյանը պատասխանեց, որ ծանոթ չէ դրանց, հայեցակարգի և նախագծի հրապարակումից հետո ՀՀԿ-ի և մյուս խմբակցությունների հետ քննարկումներ դեռ չեն եղել, բայց կլինեն։

Դ. Իոաննիսյանը նշեց, որ, եթե ԱԺ-ն խնդիրներ չհարուցի, ապա ԸՕ-ն կընդունվի այնպիսի ժամկետներում, որ հնարավոր կլինի պատշաճ կերպով նախապատրաստել ու անցկացնել ԱԺ արտահերթ ընտրությունները. «Մենք, բնականաբար, կառուցողական տրամադրված ենք գնում, այսինքն՝ չի լինելու այնպիսի նախատրամադրվածություն, որ սա է նախագիծը, ու վերջ, և բոլոր առաջարկների վերաբերյալ լինելու կառուցողական մոտեցում ճիշտ այնպես, ինչպես եղավ Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում»։

Դ. Իոաննիսյանը խնդիր չի տեսնում, որ ԸՕ ընդունումից հետո ընտրությունները շուտ են կայանալու, և 1 տարի ժամկետ չկա՝ նախապատրաստական աշխատանքների համար։ Նա կարևորեց, որ ՀՀԿ-ն էլ նախկինում չի հետևել Վենետիկի հանձնաժողովի այդ խորհրդին, և նախկինում ընտրություններից 5-6 ամիս առաջ էին կատարվել ԸՕ ծավալուն փոփոխությունները։ Դ. Իոաննիսյանի խոսքով՝ հիմնական փոփոխված խաղի կանոնը ռեյտինգայինից հրաժարումն է, և դա նոր չէ, անակնկալ չի բերվում ԸՕ նախագծով, այն կար կառավարության ծրագրում, որին կողմ է քվեարկել ԱԺ-ն, ու բոլոր ուժերն արդեն ծանոթ են դրան։ Մյուս փոփոխությունները, ըստ նրա, կա՛մ ընթացակարգային են և միտված են խախտումները բացառելուն, կա՛մ նորանոր հնարավորություններ են տալիս.

«Օրինակ՝ բանավեճը։ Դժվար թե կուսակցություններն ասեն, որ իրենց մեկ կամ կես տարի ժամկետ է պետք բանավեճերով ընտրություններին նախապատրաստվելու համար։ Հեռուստաբանավեճին նախապատրաստվելն ընդամենը մի քանի օրվա հարց է»։

Տեսանյութեր

Լրահոս