Բաժիններ՝

Գիտնականները կապ են գտել ընտանիքի չափի և ուռուցքաբանական հիվանդությունների միջև

Եթե ընտանիքում շատ երեխաներ կան, քաղցկեղով հիվանդանալու վտանգն ավելի փոքր է: Այս եզրակացությանն են հանգել Ցյուրիխի համալսարանի գիտնականները եւ նրանց ավստրալացի գործընկերներն Ադելաիդայի համալսարանի Բժշկական դպրոցից։

Ուսումնասիրելով 178 երկրների վիճակագրական տվյալներ՝ նրանք ուշադրություն են դարձրել ընտանիքի չափի եւ ուռուցքաբանական հիվանդությունների միջեւ կապի վրա. պարզվել է, որ հիվանդանալու հավանականությունն այնքան մեծ է, որքան փոքր է ընտանիքը:

«Եվ այդ կապը պայմանավորված չէ եկամուտներով, ուրբանիզացիայի մակարդակով (այդ թվում, թե որտեղ է ապրում ընտանիքը) եւ տարիքով»,- հայտարարել է գիտական աշխատության առաջատար հեղինակ, Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Մասիեժ Հենենբերգը: Դեռ ավելին, հիվանդանալու վտանգը մեծ ընտանիքում սովորականից փոքր է եղել ոչ միայն ծնողների ու երեխաների, այլեւ նրանց հետ ապրող այլ հարազատների մոտ:

«Որքան մեծ է ընտանիքն, այնքան մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում որոշակի տիպերի քաղցկեղով, ներառյալ ուղեղի, միզապարկի, թոքերի, ստամոքսի, կրծքագեղձի, ձվարանների քաղցկեղը, ինչպես նաեւ մելանոման»,- նշում է համալսարանն իր կայքում:

Գիտնականները գտել են դրա բացատարությունը: Նրանց խոսքով՝ ընտանեկան կյանքը թեպետեւ որոշ դեպքերում սթրես է առաջացնում, այնուամենայնիվ, «ստեղծում է հատուկ հուզական միջավայր, որը դրականորեն է ազդում ցանկացած հիվանդության դիմադրելու վրա. եւ դա ընտանիքի անդամներին պաշտպանում է նաեւ քաղցկեղի զարգացումից»:

Շվեյցարացի եւ ավստրալացի գիտնականների այս հետազոտությունը ցույց է տալիս, որ «ընտանիքի անդամների կողմից միմյանց աջակցելն ընտանեկան կյանքի առողջ ապրելակերպի պահպանման գործում կարող է ապահովել նաեւ պաշտպանություն քաղցկեղի դեմ»,- արձանագրում է Ցյուրիխի համալսարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս