Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջին անգամ մենակության դեմ պայքարի ռազմավարություն է ներկայացրել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկրի պատմության մեջ առաջին անգամ ներկայացրել է մենակության խնդրի դեմ պայքարի կառավարական ռազմավարությունը: Այդ մասին հաղորդվում է Միացյալ Թագավորության կառավարության կայքում: «Այսօր մենակությունը մեր հասարակության մեջ իրականություն է չափազանց մեծ թվով մարդկանց համար:

Այն կարող է վերաբերել յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից եւ ինտելեկտուալ զարգացման մակարդակից»,-հայտարարել է Մեյը: «Այս ռազմավարությունը մեր երկրում երկարատեւ ու հեռագնա սոցիալական փոփոխությունների սկիզբն է միայն: Այն ազգային քաղաքականության մեջ դիտարկվում է որպես մենակությունն արմատախիլ անելուն ուղղված անհրաժեշտ առաջին քայլը»,-հավելել է նա:

Փաստաթղթի համաձայն, նոր պրակտիկան, որը հայտնի է որպես «սոցիալական պատվեր», բժիշկներին թույլ կտա մենակությունից տառապող պացիենտներին ուղարկել հասարակական աշխատողների մոտ, որոնք նրանց անհատական աջակցություն կցուցաբերեն: Փաստաթղթի հեղինակների կարծիքով, դա միայնակ մարդկանց կօգնի բարելավել հոգեբանական վիճակը եւ բարեկեցության մակարդակը: Վարչապետը հավաստել է, որ այս ընթացակարգը հնարավոր կդառնա արդեն մինչեւ 2023 թվականը: Ինչպես նշվում է նոր ռազմավարության մեջ, Անգլիայի առողջապահության ազգային ծառայությունը ֆինանսավորում կստանա՝ նպատակ ունենալով միայնակ պացիենտներին ներգրավել տարատեսակ գործունեության մեջ, ներառյալ խոհարարական վարպետության դասերը եւ պարապմունքները տարբեր գեղարվեստական խմբերում:

Դա նաեւ, ինչպես ենթադրվում է, կբարձրացնի միայնակ մարդկանց կյանքի որակն ու մակարդակը: Դեռ ավելին, Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 1,8 մլն ֆունտ ստեռլինգ (2,4 մլն դոլար) կհատկացնի հասանելի հասարակական վայրերի, ներառյալ նոր սրճարանների, ռեստորանների եւ ազատ ժամանցի կետերի թվաքանակն ավելացնելու համար: Մեյի խոսքով՝ սա պատմության մեջ առաջին փաստաթուղթն է, որը բովանդակում է «գործատուի պարտավորությունը» աշխատավայրում պայքարելու մենակության դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս