«Առաջին հերթին՝ այսօրվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից և պատրաստվի տեղ զբաղեցնել Հայկական Նյուրնբերգի նստարանին». Վարուժան Ավետիսյան

Հոկտեմբերի 14-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ազատամարտիկ, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի հուղարկավորության արարողության ժամանակ մահախոսականներով հանդես եկան հասարակական-քաղաքական սեկտորը ներկայացնող տարբեր ներկայացուցիչներ, սակայն «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ, մամուլի խոսնակ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանի խոսքն առանձնացավ մի շարք ուշագրավ հայտարարություններով։

Վստահ չենք, որ առիթը պատեհ էր հերթական անգամ հերթական հարթակը քաղաքական գնահատականներ հնչեցնելու նպատակով օգտագործելու համար, սակայն մարդիկ ունեն հստակ օրակարգ և սրբորեն հետևում են դրան։

Իր խոսքի սկզբում անդրադառնալով Արայիկ Խանդոյան ազատամարտիկի անցած ուղուն՝ Վարուժան Ավետիսյանը սահուն անցում կատարեց իր ասելիքի բուն էությանը։

Նա մասնավորապես հայտարարեց.

«Արայիկ Խանդոյանը աշխարհից հեռացավ որպես իր սիրած, փայփայած, իր վերքերով պատսպարած Հայրենիքում ամբաստանվող ու դատվող մի մարդ, մինչդեռ նրան խոշտանգողներն ու հալածողները, նրան ամբաստանողներն ու դատողներն առոք-փառոք շարունակում են օրենքի տառով ծեծել ու նվաստացնել, ամբաստանել ու դատապարտել, կեղեքել ու սպանել մեր Հայրենիքն ու մեր ժողովրդին, ոտնահարել իրավունքն ու արդարությունը, կազմալուծել մեր պետականությունը: Այս նողկալի ու կործանարար երևույթի շարունակությունը մեկ պատճառ ունի: Մինչ օրս չի տրվել նախորդ հանցավոր ռեժիմների ու նրանց կառավարած հակահայ ու հակամարդ համակարգի իրավաքաղաքական գնահատականը, չի ճանաչվել ապստամբության իրավունքը՝ որպես բնական ու սրբազան ինքնապաշտպանության իրավունք: Այդ պատճառով է նաև, որ Արայիկ Խանդոյանի ապստամբ ընկերներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը դեռևս կալանքի տակ են և չեն կարողանում վերջին հրաժեշտը տալ իրենց ընկերոջը»։

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զինված խմբավորման այն 2 անդամներն են, ովքեր մեղադրվում են 3 ոստիկանների սպանության մեջ, և որոնց խափանման միջոց կալանքը դեռ փոխված չէ։

Շարունակելով իր ելույթը՝ Վ. Ավետիսյանը նշում է.

«Ուշանում են վճռական ու արդյունավետ քայլերը՝ վերջ տալու իրավունքի ու պետականության, ժողովրդի արժանապատվության և իրավունքի դեմ շարունակվող ոտնձգություններին: Բոլոր ապստամբներն ու ընդվզած քաղաքացիները, այդ թվում՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, պետք է անհապաղ ազատ արձակվեն: Ապստամբն անպարտ է օրենքի առաջ: Օրենքն ապստամբի ոգորումի և ընդվզման արգասիքը պետք է լինի, այլ ոչ նրա դահիճը: Ապստամբի նկատմամբ հարուցված մեղադրանքը պետք է կարճվի և դադարեցվի, իսկ հարուցողները և շինծու մեղադրանքներ հորինողները պետք է պատասխան տան ենիչերիություն անելու համար: Նախկին ռեժիմի կառավարման ժամանակ դահճային-ենիչերիական պաշտոններ զբաղեցրած բոլոր պաշտոնատար անձինք, այդ թվում և առաջին հերթին՝ այսօրվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից և պատրաստվեն տեղեր զբաղեցնելու Հայկական Նյուրնբերգի նստարանին»։

Եթե սրան հավելում ես նաև ոստիկանությանն ուղղված նրա մեղադրանքները Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի օրը երթևեկությունը չկարգավորելու մասին, «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանի խորը հիասթափությունը Սասուն Միքայելյանի դրսևորած վարքագծից, ինչպես նաև զինված խմբավորման ու նրա կողմնակիցների՝ վարչապետին ուղղված տարակուսանքը վերջինիս՝ Արայիկ Խանդոյանի թաղման արարողությանն անձամբ չմասնակցելու համար, հասկանալի է դառնում, որ իշխանությունները կանգնած են «Սասնա ծռեր» կոչվող լուրջ մարտահրավերի առջև։

Տեսանյութեր

Լրահոս