Բաժիններ՝

«Երջանկության 100 ժամ». Մարիամ Մերաբովան և «Միրայֆ»-ը համերգով հանդես կգան Երևանում

Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովանհամերգով հանդես կգա Հայաստանում: «Երջանկության 100 ժամ» խորագիրը կրող համերգային երեկոն կանցկացվի նոյեմբերի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ռուսական հեղինակավոր «Ձայնը» նախագծի մասնակիցն իր աննկարագրելի կատարումներով անմոռաց ակնթարթներ կպարգևի երկրպագուներին:

Համերգի կազմակերպիչ «Emile Karat studio»-ի ղեկավար Էմիլ Կարատը

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մերաբովան ելույթ կունենա «Միրայֆ»-ի, ինչպես նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունց): Որպես դիրիժոր երեկոյին հանդես կգա հենց Հյուսնունցը, իսկ դաշնամուրի առջև հանդես կգա Արմեն Մերաբովը:

«Մարիամ և Արմեն Մերաբովները մենահամերգներով Հայաստանում հանդես են եկել բազմիցս: Նրանց առաջին համերգը Երևանում տեղի է ունեցել 2011 թ.: 2013-ին նրանք մասնակցել են «Երաժշտության շաբաթ Երևանում» նախագծին: Իսկ 2015-ին Մարիամ Մերաբովան համերգային շրջագայությամբ հանդես է եկել Հայաստանում և Արցախում»,-նշում է Էմիլ Կարատը:

Այս անգամվա երևանյան համերգին ներկայացվելու են Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի, Մարկ Մինկովի, Վալերի Զուբկովի, Մարկ Ֆրադկինի, Ժորժ Կառվարենցի, Արմեն և Լևոն Մերաբովների ստեղծագործություններ:

Էմիլ Կարատի խոսքով՝ Մարիամ Մերաբովան ունի բացառիկ թավշյա ձայն, և կարողանում է կատարել ցանկացած ոճի երաժշտություն: Նրա յուրաքանչյուր ելույթ մշտապես ուղեկցվում է նորանոր գեղեցիկ բացահայտումներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս