Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում

Հայաստանում ներդրումների մեծ պոտենցիալ կա, որոնք հետաքրքիր են կանադական ընկերություններին ու կանադահայերին: Այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Հայաստանի ու Կանադայի միջև կան արդեն ձևավորված տնտեսական ու բիզնես հարաբերություններ: Մենք քննարկեցինք մի քանի ասպարեզներ, որտեղ կարող ենք խորացնել այդ հարաբերությունները: Հայաստանում մեծ պոտենցիալ կա ներդրումների, որոնք հետաքրքիր են կանադական ընկերություններին ու կանադահայերին»,- ասաց Թրյուդոն:

Թրյուդոն նշեց, որ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ կուռ տնտեսություն ստեղծելու համար հարկավոր է ժողովրդի վստահությունը:«Նա հասկանում է, որ ժողովրդի վստահությունը շահելը էական և կենտրոնական առանցք է հանդիսանում կուռ տնտեսություն կառուցելու համար: Նիկոլը խոսեց այն մասին, որ պետք է քաղաքացիներին ազատ կամարտահայտման հնարավորություն տալ»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետը իր հերթին նշեց, որ կարևոր է արձանագրել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում:

«Մեր խոսակցության առաջին իսկ րոպեներից Ջասթինն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել կանադական ներդրումների ակտիվացմանը: Երեկ նաև մեր պետական ճաշին մասնակցում էին կանադացի գործարարներ, ովքեր մտադիր են ընդլայնել իրենց ներդրումների ծավալը: Ես խնդրեցի, որպեսզի Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներն ավելի ճիշտ փոխանցվի Կանադայի բիզնես միջավայրին:

Կարևոր է արձանագրել, որ այդ առնչությունները ոչ թե մեր գործողություններն են կանխելու համար որևէ ներդրում, այլ մենք ուզում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ տնտեսական գործունեությունը պայմանավորված չէ այս կամ այն պաշտոնյայի քմահաճույքներով: Հայաստանում տեղի ունեցած հիմնական փոփոխությունը հետևյալն է, որ վարչապետը ներկայացնում ու միշտ ներկայացնելու է ժողովրդին: Այս քաղաքական փոփոխություններին ակտիվ ներկայացված է եղել ընդհանրապես ողջ հայությունը:

Մենք ակտիվ աջակցություն են ստացել նաև Կանադայի հայությունից: Չկա որևէ հայ համայնք, որն աջակցություն չի ցուցաբերել թավշյա հեղափոխությանը: Առաջիկայում կայանալիք ընտրությունների առանցքային իմաստը նույնպես սա է, որ բոլոր պետական կառավարման բոլոր մարմիններում պետք է լինեն մարդիկ, ովքեր ներկայացնում են ժողովրդին: Նրանք, ովքեր հայտնվեն վարչապետի կարգավիճակում, պետք է լիազորված լինեն ժողովրդի կողմից:

Հայաստանում այլևս երբեք ընտրությունները չեն կեղծվելու ու չի արհամարհվելու ժողովրդի կամարտահայտությունը: Որևէ կասկած չկա, որ այս փոփոխությունն ընդմիշտ ուղեկցելու է մեզ: Սա ոչ միայն մեր քաղաքական թիմի, այլև ողջ ժողովրդի պատկերացումն է: Այս հեղափոխությունն արել է ժողովուրդն ու նրանց է պատկանում Հայաստանի իշխանությունն ու այդպես լինելու է միշտ: Մենք այս հարցում ունենք լիակատար ըմբռնում»,- նշեց ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս