Բաժիններ՝

ԱՄՆ-ում ընտրություններից առաջ մարդկանց մտահոգում է տնտեսությունը, ներգաղթը և ահաբեկչությունը. հարցում

Տնտեսության վիճակը, ներգաղթը եւ ահաբեկչության սպառնալիքը. սրանք են այն հիմնական խնդիրները, որոնք ամերիկացիներին մտահոգում են ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններից առաջ: Այդ մասին վկայում են հարցման՝ հոկտեմբերի 11-ին հրապարակված արդյունքները, որն The Economist հանդեսը եւ YouGov (The Econimist/YouGov Poll) պորտալն անցկացրել են հոկտեմբերի 7-ից մինչեւ 9-ը: Հարցմանը մասնակցել է 1500 մարդ:

Դրա մասնակիցների 66 տոկոսի համար առաջին տեղում տնտեսության հարցերն են: Յուրաքանչյուր երկրորդ հարցվածը (51 տոկոսը) որպես կարեւորագույն խնդիր է նշել ահաբեկչության դեմ պայքարը, իսկ մոտավորապես կեսը՝ 49 տոկոսը, առաջնային է համարել անօրինական ներգաղթի խնդիրը:

Հարցման մասնակիցների 35 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը ճիշտ ուղղությամբ է ընթանում, 51 տոկոսը համաձայն չէ դրան, իսկ 14 տոկոսը որոշակի կարծիք չի հայտնել: Ընդհանուր առմամբ հարցվածների 47 տոկոսը հայտարարել է Կոնգրեսի առաջիկա ընտրություններում Դեմոկրատական կուսակցությանն աջակցելու մասին, իսկ 41 տոկոսը հայտարարել է հանրապետականների օգտին քվեարկելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս