Տանզանիայում առեւանգել են Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատիրոջը
Տանզանիացի գործարար Մոհամեդ Դյուջիին հոկտեմբերի 11-ին առեւանգել են Տանզանիայի Դար Էս Սալամ խոշորագույն քաղաքում: Այդ մասին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:
BBC հեռուստաալիքի տվյալներով՝ գործարարի վրա մի քանի մարդ է հարձակվել, երբ նա գնում էր մարզասրահ, որը գտնվում է քաղաքի ամենահեղինակավոր հյուրանոցներից մեկում: Առեւանգման պատճառը հայտնի չէ, նշում է հեռուստաալիքը: Ոստիկանությունն առեւանգմանը մասնակցելու կասկածանքով բերման է ենթարկել երեք մարդու, որոնցից երկուսը կարող են օտարերկրյա քաղաքացիներ լինել:
Forbes հրատարակությունը 43-ամյա Դյուջիին ներկայացնում է որպես Աֆրիկայի ամենաերիտասարդ միլիարդատերը եւ միակ միլիարդատերը Տանզանիայում:
Նրա կարողությունը գնահատվում է 1,5 մլրդ դոլար: Նա METL Group ընկերության գլխավոր տնօրենն է, որը նրա հոր կողմից հիմնադրվել Է 1970-ական թվականներին: METL-ն աշխատում է առեւտրի, հեռահաղորդակցությունների, ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի, լոգիստիկայի ոլորտում եւ այլ ուղղություններում, նշում է Forbes-ը:
2016 թվականին Դյուջին միացել է այսպես կոչված «Նվիրաբերման երդմանը», խոստանալով իր կարողության առնվազն կեսը տրամադրել բարեգործությանը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: