Բաժիններ՝

Ազատամարտիկների մայրերը զայրացել են. Ինչո՞ւ կառավարության և ավագանու նիստերի ընթացում  չհարգեցին Միայնակ Գայլի հիշատակը

Հոկտեմբերի 9-ի գիշերը 49 տարեկանում իր մահկանացուն կնքեց Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, Միայնակ գայլ մականունով Արայիկ Խանդոյանը։

Երեկ տեղի ունեցան ՀՀ կառավարության և Երևանու նորընտիր ավագանու առաջին նիստերը, երկու դեպքում էլ մասնակիցները մեկ րոպե լռությամբ չհարգեցին Խանդոյանի հիշատակը, ինչը հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ նահատակված Արամայիս Ոսկանյանի մոր՝ Անուշ Հակոբյանի զայրույթն էր առաջացրել։

Նրա խոսքով՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը կարող էր մեկ րոպե լռությամբ հարգել  ազատամարտիկի հիշատակը, ինչո՞ւ չէ՝ մեկ-երկու խոսք ասել նրա մասին, քանի որ Արցախի հերոսամարտի ժամանակ նա մեծ ներդրում է ունեցել։

«Այսպե՞ս ենք մենք հարգում մեր հերոսներին, այսպե՞ս ենք նրանց հիշում։  Մի՞թե որևէ մեկը նորընտիր քաղաքապետին չէր զգուշացրել, որ նիստը սկսելուց առաջ անհրաժեշտ է հիշել նաև Խանդոյանին, նման բան ես երբեք չէի սպասի ու հիասթափված եմ, քանի որ նրան հարգելով՝ հարգանքի տուրք կմատուցեին նաև մեր մյուս հերոսներին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ա. Հակոբյանը և նկատեց, որ նույնկերպ վարվել են նաև կառավարության նիստի ժամանակ։

Կարդացեք նաև

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նույնպես փաստեց, որ ցավում է, որ որևէ մեկը նիստերից առաջ չի հիշատակել Արայիկ Խանդոյանին։

«Անկեղծ ասած, մենք չենք սպասում, որ մի խումբ մարդիկ կցավակցեն կամ կհասկանան մեր վիշտը, այն լուռ տանում ենք՝ ակնկալելով, որ Աստծո դատաստանը մոտ է։ Որևէ մեկից ակնկալիք չունեմ, որ կցավակցեն մեր հերոսածին մայրերին, ով չի տեսել այդ վիշտը, երբեք չի պատկերացնի, թե այս պահին ինչ է զգում Արայիկ Խանդոյանի մայրը։

Այլ մարդկանցից ակնկալիքներ չունեմ, իմ կողքին կանգնած մարդիկ այսօր մեկ առ մեկ հարգանքի տուրք են մատուցել։ Իրականում մենք Արայիկին երբեք բացակա չենք դնում, նա մարդ էր, ով կյանքը տվեց հանուն Արցախի ու հայ ժողովրդի։ Ես կուսակցական չեմ, ոչ էլ քաղաքական գործիչ, ինքս իմ փոխարեն կարող եմ իմ հարգանքը ցույց տալ։ Ես իմ տղայի երդումն եմ առաջ տանում և նմանօրինակ յուրաքանչյուր կորուստ ինձ վրա կրկնակի անդրադարձ է ունենում։ Հարգելով հերոսներին՝ ինքներս մեզ ենք հարգում»,- նշեց Մ. Խաչատրյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս