Բաժիններ՝

Իսրայելում բոլոր մասնավոր ավտոմեքենաները կդառնան էլեկտրական

Իսրայելում պլանավորվում է մինչեւ 2030 թվականն արգելել բենզինային եւ դիզելային շարժիչներով աշխատող ավտոմեքենաների ներկրումը, իսկ 2035 թվականին երկրում բոլոր մասնավոր ավտոմեքենաները կլինեն էլեկտրական: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը՝ ներկայացնելով Իսրայելքի տնտեսության՝ էներգիայի մաքուր տեսակների անցնելու ծրագիրը: Ծանր ավտոտրանսպորտը, Շտայնիցի խոսքով, կերթեւեկի առավելապես հեղուկացված գազով:

Նա խոստացել է մինչեւ 2030 թվականը օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնել 60 տոկոսով եւ հայտնել է, որ դրա շնորհիվ Իսրայելը միլիարդավոր շեքելներ կտնտեսի բնակչության առողջության բարելավման եւ բժշկության վրա ծախսերի կրճատման հաշվին:

Սակայն ներկայացված ծրագրի մեծ մասը նախատեսված է հեռավոր ապագայի համար: Միակ բանը, որ նախարարությունը խոստանում է անել հենց այժմ, էլեկտրամոբիլների ներմուծման հարկային արտոնությունները չչեղարկելն է, որոնց ժամկետը լրանում է 2019 թվականին:

Ներկայում Իսրայելի ճանապարհներով երթեւեկում է ընդամենը 700 էլեկտրամոբիլ եւ մոտավորապես 97 հազար «ավտոհիբրիդ»: Նախարարի խոսքով՝ էկոլոգիական էլեկտրամոբիլների ներդրման հարաբերականորեն դանդաղ տեմպերը բացատրվում են սպառողների պահպանողականությամբ եւ դրանց սպասարկման համար ենթակառուցվածքի զարգացած չլինելով:

Էներգետիկայի նախարարությունը որոշել է լրջորեն զբաղվել նոր տիպի տրանսպորտի սպասարկման խնդրով: Նախարարը հավաստիացնում է, որ արդեն մոտ ժամանակներս երկրում կհայտնվեն հանրային ենթակառուցվածքի առաջին տարրերը էլեկտրաշարժիչների լիցքավորման համար: Երկու տարվա ընթացքում Իսրայելում պլանավորվում է տեղակայել էլեկտրամոբիլների մարտկոցների լիցքավորման ավելի քան 2,5 հազար կետ: Եթե դա տեղի ունենա, ապա, ըստ կանխատեսումների, 2025 թվականին Իսրայելի ճանապարհներով կերթեւեկի շուրջ 250 հազար էլեկտրամոբիլ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս