
Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի տաղավար

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Ֆրանկոֆոնիայի ավան, շրջայց կատարել Հայաստանի տաղավարում, որտեղ ներկայացված են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, տարազն ու բարիքները, ազգային խոհանոցի, գյուղատնտեսական արտադրանքների, արհեստագործական աշխատանքների առանձնահատկությունները։
Նախարարը ծանոթացել է միասնական տաղավարի ներքո գտնվող յուրաքանչյուր մարզին բնորոշ բովանդակային բաղադրիչներին ու էթնիկ-մշակութային ցուցանմուշներին, որոնցում արտահայտված է տվյալ տարածքին հատուկ կոլորիտային յուրահատկությունները և կենցաղ-ավանդույթային ողջ գունապնակը։
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել մարզային տաղավարներում ցուցադրված գինեգործության, գորգագործության, խաչքարագործության նմուշների հագեցվածության և ներկայանալիության կապակցությամբ և ընդգծել, որ միջոցառումը բացառիկ հնարավորություն է` աշխարհին ներկայանալ ավանդույթային, սովորութային, իմաստանշանային տարբերվող առանձնահատկությամբ, որով մեր ուրույն տեղն ենք զբաղեցնում աշխարհի քաղաքակրթական քարտեզում։