
Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի այս ամսվա ընթացքում. Լենա Նազարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի այս ամսվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ ի պատասխան հարցի, թե ե՞րբ է վարչապետը հրաժարական տալու:
«Ինձ հայտնի չէ օրը: Հոկտեմբերի սկզբին կամ ընթացքում: Հայտնի չէ ստույգ»,- ասաց Լ.Նազարյանը:
Ըստ նրա՝ վարչապետի իրավաբան խորհրդականները միակ իրատեսական լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու համար համարում են վարչապետի հրաժարականը. «Այլ ելք չեն տեսնում»:
Լ.Նազարյանի խոսքով՝ ԸՕ-ի շուրջ քննարկումներ եղել են և, եթե նույնիսկ ԱԺ-ն չհասցնի այն ընդունել, մեծ խնդիր չի լինի, քանի որ կարևորը քաղաքական կամքն է:
Դիտարկմանը, որ այդ դեպքում կառավարության ծրագրից շեղում կլինի, խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ ամեն ջանք կգործադրվի, բայց պետք է սպասել, տեսնել, թե ինչ է լինում, հետո խոսել ծրագրից շեղումի մասին: