
«Ես ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, պարոն Ցոլակյան, որ Դուք այդ ոչ պարզ որոշումը կայացրեցիք». Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ նախարարին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
ՀՀ վարչապետն ԱԻ նախարարության աշխատակիցների հետ հանդիպմանն ընդգծեց, որ նախարարի փոփոխության հանգամանքները բոլորին հայտնի են, ուստի դրանց անդրադառնալու կարիք չի տեսնում: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանին կատարած աշխատանքի համար և ուզում եմ շնորհավորել նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
Պարոն Ցոլակյանը պետական կառավարման համակարգում նոր մարդ չէ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը ինչ-որ առումով նաև ուժային կառույց է՝ պարոն Ցոլակյանը նոր մարդ չէ նաև մեր ուժային համակարգում: Գիտեք, որ նա երկար տարիներ աշխատել է ազգային անվտանգության համակարգում, ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում»,- նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ այս նշանակմամբ ցանկացել է ընդգծել, որ ընթացիկ քաղաքական գործընթացների ընթացքում և առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պետք է խնդիր դնեն, որպեսզի երկրի, պետության զարգացման գործում համախմբեն երկրում առկա ողջ պրոֆեսիոնալ ներուժը: «Սա չափազանց կարևոր շեշտադրում է, և ես ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ ապագայում և ընդհանրապես մեր կադրային քաղաքականություն տրամաբանությունը լինելու է պրոֆեսիոնալիզմն ու պատրաստակամությունը իրականացնել այն ծառայությունը, որը ենթադրվում է, որ պետք է իրականացվի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ուրախությամբ նշեց, որ Ֆելիքս Ցոլակյանի նշանակումն ԱԻ նախարարի պաշտոնում դրական արձագանք է ստացել հանրության մոտ՝ շեշտելով, որ դա ապացուցում է, որ Հայաստանում հանրության մոտ կա ընկալում, որ կա գծեր գծելու և գծերը ջնջելու ժամանակը: «Եվ հիմա մենք թևակոխում ենք մի շրջան, երբ իսկապես պետք է ավարտենք գծեր գծելու ժամանակը և թևակոխենք այդ գծերը ջնջելու ժամանակը: Ես ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, պարոն Ցոլակյան, որ Դուք այդ ոչ պարզ որոշումը կայացրեցիք և ստանձնեցիք այս պատասխանատու պաշտոնը: Ես ուզում եմ Ձեզ և մեզ բոլորիս հաջողություն մաղթել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Ներկայացնում եմ ԱԻ նոր նախարարին:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 7. Oktober 2018