Բաժիններ՝

«Մոուրինիոն այնքան հոգնած է, որ դարձել է քաղաքավարի». մամուլ

«Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ կարգին չէ: Ժոզե Մոուրինիոն այդ մասին զգուշացրեց ամռանը, իսկ աշնանը դա նկատեցին բոլորը: Ժոզե Մոուրինիոյի թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին 7 տուրերից հետո ունի ընդամենը 10 միավոր: Սա մանկունյանցիների վատագույն արդյունքն է՝ սկսած 1989/90 մրցաշրջանից (7 միավոր):

The Telegraph-ի տվյալներով՝ ակումբում քննարկում է եղել այն մասին, որ Ժոզե Մոուրինիոն կարող է հեռանալ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից:

Ավելի վաղ անգլիական մամուլը գրել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մի քանի ֆուտբոլիստներ զայրացած և հիասթափված են գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի աշխատանքի մեթոդներից:

Պորտուգալացի մասնագետին աջակցում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների միայն մի փոքր մասը: Խաղացողներից մեկն անգամ ասել է, որ Մոուրինիոյի ղեկավարության ներքո դեգրադացվել է, հայտնում է ESPN-ը՝ մեջբերելով ակումբին մոտ կանգնած աղբյուրներին:

Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը և անձամբ գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդը հասկացրել են խաղացողների ներկայացուցիչներին, որ իրենք լիովին աջակցում են Մոուրինիոյին:

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Վալենսիայի» խաղը այնքան էլ սարսափելի չէր, սակայն 0:0 արդյունքը, միևնույն է, չի գոհացնում: Սակայն, հետխաղյա մամուլի ասուլիսում բոլորին ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչո՞ւ խաղը մեկնարկեց 5 րոպե ուշ:

Մոուրինիոն բացատրել է իրավիճակը. «Մենք լքեցինք հյուրանոցը ժամը 6-ին: Մենք ակնկալում էինք, որ 30 րոպեն մեզ համար բավարար կլինի, ինչպես սովորաբար: Բայց այս անգամ ոստիկանությունը հրաժարվեց մեզ ուղեկցել, ուստի մենք ինքներս գնացինք: Հյուրանոցից մարզադաշտ ճանապարհը տևեց 75 րոպե: ՈՒԵՖԱ-ն և մրցավարը մեզ թույլ տվեցին խաղը մեկնարկել հինգ րոպե անց, քանի որ մենք պետք է առնվազն կես ժամ տաքացնեինք մկանները և նախապատրաստվեինք»:

Մինչև Twitter-ում կատակում էին, որ Մոուրինիոն և նրա ֆուտբոլիստներն այլևս չեն կարողանում իրենց ավտոբուսը կայանել ժամանակին, Ժոզեն իրեն պահում էր շատ ավելի հանգիստ և քաղաքավարի, քան սովորական դեպքերում: Պատասխանատու Մոուրինիոյի թիմը ուշացել էր 5 րոպե, մի փոքր արտակարգ իրավիճակ էր մարզադաշտում, բայց Ժոզեն սիրալիր խոսում էր մրցավարների հետ, ժպտում էր և իրեն այնքան թուլացած և հանգիստ էր պահում, որ դա զարմացրել է անգլիական մամուլի ներկայացուցիչներին:

Բրիտանացի լրագրողները գրում են, որ վերջին խաղերում Մոուրինիոյին հետևելը շատ տխուր է: Նա շատ հանգիստ է, գրեթե միշտ նստած է պահեստայինների նստարանին դեմքի քարե արտահայտությամբ, չի արտահայտում ոչ մի էմոցիա: Երբեմն-երբեմն Ժոզեն որոշակի ժեստեր է անում, որոնք հիշցնում են 10 տարի առաջվա Մոուրինիոյին, ով իսկական էներգետիկ կծիկ էր: Գուցե ժամանա՞կն է, որ Մոուրինիոն արձակուրդի գնա:

Մոուրինիոն ուժ չուներ նույնիսկ վիճելու կամ առաջվա նման իր պրոֆեսիոնալիզմը ընգծելու համար: Երբ լրագրողները փորձեցին փոխանցել Մոուրինիոյին, թե ինչ է ասել Պոլ Սքոուլզն իր մասին, Ժոզեն անմիջապես ընդհատեց լրագրողին և ասաց. «Ես կարիք չունեմ իմանալ, թե ինչ է ասում նա: Նա կարող է ասել՝ ինչ ուզում է, բայց դա ինձ չի հետաքրքրում: Յուրանքանչյուրս ունենք խոսքի ազատություն, սա ազատ երկիր է և բոլորը կարող են ասել այն, ինչ ուզում են»:

Նա գրեթե նույն կերպ պատասխանեց նաև երկրպագուների սուլոցների մասին հարցին. «Կրկին խոսքի ազատություն: Հատկապես մեր երկրպագուների համար, որոնց ես հարգում եմ 100 տոկոսով»:

Սակայն, խնդիրը այն է, որ երկրպագուները ավելի ու ավելի քիչ են սկսում հարգել մարզչին: Բրիտանացաի փորձագետների կարծիքով՝ Մոուրինիոն կամ պետք է ցույց տա, որ նա իսկապես յուրօրինակ է, կամ ճիշտ ժամանաին հեռանա՝ պահպանելով իր հեղինակությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս