«Ադրբեջանից ամեն ինչ կարելի է սպասել. մենք աչալուրջ ենք». Դավիթ Բաբայան
«Շփման գծում իրավիճակը վերահսկելի է, որևէ հատուկ դեպքեր չեն գրանցվել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանում տեղի ունեցած հավաքի ֆոնին շփման գծում միջադեպեր գրանցվե՞լ են, արդյոք Ադրբեջանը պայմանավորվածությունը չի՞ խախտել։
Դավիթ Բաբայանը նշեց, որ թեև Արցախը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, բայց, միևնույն ժամանակ, լավ ճանաչելով Ադրբեջանին, գիտեն՝ այդ երկիրը կարող է ամենաանհարմար, անսպասելի պահին «նենգորեն խախտել» զինադադարի ռեժիմը և ցանկացած պայմանավորվածություն. «Ադրբեջանն այն երկիրն է, որը խախտում է և՛ միջազգային օրենքները, և՛ ցանկացած պայմանավորվածություններ, և՛ սեփական օրենքներն ու Սահմանադրությունը։ Հետևաբար՝ պայմանավորվածությունը, իհարկե, ողջունելի է, բայց մենք աչալուրջ ենք, ինչպես միշտ, քանի որ Ադրբեջանից ամեն ինչ կարելի է սպասել»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարած օպերատիվ կապի ստեղծման պայմանավորվածությանը, Բաբայանն ասաց, որ նման կապ 90-ականներին եղել է, հիմա էլ պաշտոնական Ստեփանակերտը, ըստ նրա՝ պարբերաբար այդ հարցը բարձրաձայնում է տարբեր հանդիպումների ժամանակ. «Բայց Ադրբեջանը խոչընդոտում է, չի համաձայնում։ Այդ կապը ժամանակին բավականին արդյունավետ էր, թույլ էր տալիս վերահսկողության ավելի բարձր մակարդակ ապահովել, եթե լինում էին ինչ-որ խախտումներ, խնդիրներ, անմիջապես հարցերը կարգավորել»։
Այդ կապը, ըստ Դավիթ Բաբայանի՝ նախկինում եղել է, օրինակ, սահմանում տեղակայված զորամասերի ստորաբաժանումների հրամանատարների միջև, ավելի բարձր մակարդակով՝ պաշտպանության նախարարների միջև. «Հասկանալի է, որ անմիջապես դժվար է այդ ամենն իրականացնել, բայց քայլ առ քայլ կարելի է սահմանում տեղակայված զորամասերի հրամանատարների մակարդակից սկսել, հետո բարձրանալ»։